Ադրբեջանը փորձում է դեմքի լավ արտահայտություն անել վատ խաղի ժամանակ. Էդվարդ Նալբանդյան
«Չեմ կարծում, որ որևէ նոր բան կա այդ հայտարարության մեջ: Ադրբեջանը փորձում է շարունակել թոզ փչել միջազգային հանրության աչքերին, ասում է՝ պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների»,- Երևանում Բոսնիա և Հերցոգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի վերջերս արած հայտարարությունը, որ պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների ԼՂ հարցում համանախագահների առաջարկությունների վրա, եթե Հայաստանը դրանք ընդունի:
Նախարարը նշեց, որ վերջին առնվազն տաս տարում նախագահների մակարդակով 20, արտգործնախարարների մակարդակով 4 տասնյակից ավելի, եռանախագահների հետ բազմաթիվ հանդիպումներ են կայացել:
«Այդ ամեն եղե՞լ են բովանդակությունից զուրկ կամ անառարկայակա՞ն: Ըստ Ադրբեջանի՝ այդպես է ստացվում: Եթե Ադրբեջանն իսկապես ընդունում է եռանախագահող երկրների առաջարկները, պատրաստ է դրանց հիման վրա գնալ կարգավորմանը, պետք է հաստատի, գործնականում ապացուցի, որ կողմ է գնալ հիմնախնդրի կարգավորմանն այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկվել են եռանախագահող երկրների կողմից՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք»,- ասաց Է. Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով, Հայաստանը համամիտ է եռանախագահող երկրների հետ, իսկ Ադրբեջանը մերժում է այդ երեք սկզբունքները, անգամ մերժում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որոնցում ընդամենը հղում են կատարվում կամ հիշատակվում են այդ երեք սկզբունքները:
«Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է գնալ հիմնախնդրի կարգավորմանը եռանախագահող երկրների առաջարկների վրա, ապա պետք է վերահաստատի, գործնականում իրականացնի այն, ինչ որ առաջարկում են եռանախագահները ինչ վերաբերում է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, անվերապահ հարգի, իրականացնի 1994 թվականի, 1995 թվականի զինադադարի համաձայնագրերը: Հայաստանը համամիտ է եռանախագահների հետ, Ադրբեջանը, փաստորեն, մերժում է եռանախագահող երկրների կողմից արված կոչերը ՝ վերահաստատելու այդ հանձնառությունները: Եվ, իհարկե, Ադրբեջանը պետք է իրականացնի, այլ ոչ թե ընդդիմանա այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում, Պետերբուրգում»,- ասաց Է. Նալբանդյանը:
Նախարարի խոսքով, եթե ադրբեջանական կողմն իսկապես պատրաստ է ընդունել բանակցային գործընթացի շարունակումն այն առաջարկների հիման վրա, որոնք եռանախագահող երկրներն են անում, ապա պետք է չփորձի հղում կատարել այն տարրերի վրա, որոնք իրեն դուր են գալիս, այն էլ աղավաղված ձևով:
«Իհարկե, որևէ նոր բան չկա այդ հայտարարության մեջ: Ադրբեջանը փորձում է դեմքի լավ արտահայտություն անել վատ խաղի ժամանակ: Դա էլ իրենց չի ստացվում: Հայաստանը շարունակելու է եռանախագահող երկրների հետ ջանքերն ուղղել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եթե Ադրբեջանը ցանկանում է միանալ այդ ջանքերին, ապա պետք է նախ և առաջ վերահաստատի իր հավատարմությունն այն երեք սկզբունքներին, որոնք եռանախագահներն են առաջարկում»,- իր խոսքը եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան