Կինոգործիչները ծանոթացել են կինոյի դաշտը կարգավորող օրենքի նախագծի նախնական տարբերակին
Հայաստանի կինոգործիչները նախօրեին հրավիրվել էին Հայաստանի մշակույթի նախարարություն՝ առայժմ ծանոթանալու կինոյի դաշտը կարգավորող օրենքի նախագծի նախնական տարբերակին: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, մեկ շաբաթում նրանք պետք է ներկայացնեն իրենց գրավոր առաջարկությունները, իսկ օրենքը պետք է ընդունվի մինչև տարեվերջ։
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասել է, որ օրենքն առաջին հերթին տալու է կինոարտադրության ենթակառույցների զարգացման հնարավորություն, ինչը խթանելու է հայրենական կինոյի զարգացումը։
«Ես շատ ուրախ եմ, որ օրինագիծն անվանեցիք «բիզնես-պրոեկտ»։ Այս օրենքը խթանելու է կինոյի զարգացումը, իսկ կուտակված գումարն ամբողջովին և անընդհատ ուղղվելու է հայկական կինոարտադրությանը» ,- նշել է նախարարը։
Օրենքը կարգավորելու է կինոյի դաշտում պետական քաղաքականության սկզբունքները, պետական աջակցության նպատակներն ու ձևերը, նոր ստեղծվող կառույցի՝ ֆիլմերի հանձնաժողովի լիազորություններն ու պարտականությունները, ներդրումների երաշխավորումը, ֆիլմի ցուցադրության, պահպանման, լեզվի (բնականաբար, հայերենի) պաշտպանությունը, կինոդաշտում թափանցիկ, իրավահավասար, հաշվետու աշխատանքը և այլն։
Հայաստանում օտարերկրյա կինոներդրումները խթանող կարևորագույն դրույթներ են ամրագրված նախագծում, ըստ որոնց, Հայաստանում առնվազն 100 միլիոն դրամի օտարերկրյա կինոներդրում անելու դեպքում պետությունը ներդրողին փոխհատուցում է նրա գումարի 20 տոկոսը։ Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանը ( աշխարհում առաջին երկիրը) այդ փոխհատուցումը կկատարի ոչ թե մեկ տարի անց, այլ անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելուց հետո անմիջապես։
Նախարարը կինոգործիչներին տեղեկացրել է, որ կինոյին առնչվող նաև ենթաօրենսդրական և այլ ակտեր են մշակվում (օրինակ, ֆիլմ հանձնաժողովի կանոնադրությունը), կինոցանցը կարգավորելու, կինոթատրոնների թիվն ավելացնելու, կրթական նոր ծրագրերի նախաձեռնություններ կան:
Հարակից հրապարակումներ`
- «Կինոյի մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով
- Օտարերկրյա կինոարտադրողների համար կարևոր է, որ երկիրն ունենա «Կինոյի մասին» օրենք. Գևորգ Գևորգյան
- «Կինոյի մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կդրվի համընդհանուր քննարկման. փոխնախարար
- «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն կառավարությունում է. Գ. Գևորգյան
- «Կինոյի մասին» օրենքն անհրաժեշտություն է. «Մշակույթն արժևորված չէ»
- Հնարավոր է 2015-ին Հայաստանն ունենա կինոյի մասին օրենք