Բարձրագույն կրթությամբ կանայք ավելի քիչ են ամուսնու կողմից բռնության ենթարկվում
«Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն, 2015-16» հիմնական զեկույցի համաձայն՝ 15-49 տարեկան կանանց 6 տոկոսը 15 տարեկանից սկսած երբևէ ենթարկվել է ֆիզիկական բռնության, իսկ 3 տոկոսը ենթարկվել է բռնության վերջին 12 ամիսների ընթացքում:
Ըստ զեկույցի՝ կանայք Արագածոտնում ամենաշատն են ենթարկվել ֆիզիկական բռնության վերջին 12 ամիսների ընթացքում (14 տոկոս):
Ինչ վերաբերում է սեռական բռնության դեպքերին, ապա 15-49 տարեկան կանանց 1 տոկոսը երբևէ ենթարկվել է սեռական բռնության, իսկ 1 տոկոսից պակասը ենթարկվել է բռնության վերջին 12 ամիսների ընթացքում: Այս դեպքում ևս կանայք Արագածոտնում ամենաշատն են ենթարկվել սեռական բռնության (4 տոկոս):
ՀԺԱՀ 2015-16 հետազոտությունում նշվում է, որ երբևէ ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 29 տոկոսը բռնությունը դադարեցնելու նպատակով դիմել է օգնության, մինչդեռ կանանց նույնքան մասնաբաժինը երբեք չի դիմել օգնության, սակայն որևէ մեկին պատմել է բռնության մասին: Ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված տասը կանանցից չորսը երբեք չեն դիմել օգնության և ոչ մեկին չեն պատմել բռնության մասին:
Հետազոտության համաձայն՝ երբևէ ամուսնացած յոթ կանանցից մեկն ամուսնու կողմից ենթարկվել է բռնության որևէ տեսակի՝ զգացմունքային, ֆիզիկական կամ սեռական: Կանանց 8 տոկոսը ենթարկվել է ամուսնական բռնության վերջին 12 ամիսների ընթացքում: Արարատում երբևէ ամուսնացած տասը կանանցից երեքը ենթարկվել են ամուսնական բռնության՝ համեմատած Սյունիքում կանանց մոտ 1 տոկոսի հետ:
Ամուսնու կողմից բռնության ենթարկված կանանց մասնաբաժինը նվազում է կնոջ կրթական մակարդակի աճին զուգընթաց՝ կազմելով 24 տոկոս հիմնական կրթություն ունեցող կանանց և 9 տոկոս բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում վարձատրություն ստացող ամուսնացած տասը կանանցից 9-ը որոշում են` ինչպես են օգտագործելու իրենց վաստակածը
- Հայաստանում հղիության արհեստական ընդհատումները նվազում են. հետազոտություն