Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը ձեռք է բերվելու մատչելի գնով. ԱՀԿ ներկայացուցիչ
Հայաստանում 2017 թվականի դեկտեմբերից ներդրվելիք մարդու պապիլոմա վիրուսի (HPV) դեմ պատվաստանյութը ձեռք է բերվելու մատչելի գնով` չափաբաժինը 4,5 դոլարով, մինչդեռ մյուս պետությունների համար պատվաստման մեկ դեղաչափի արժեքը 4-ից 25 անգամ ավելի բարձր է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխամասային գրասենյակի փորձագետ, պրոֆեսոր Պաուլ Բլյումը:
Նրա խոսքերով՝ արդեն ավելի քան 70 պետությունում ներդրվել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը և բավական մեծ հաջողություններ է գրանցել: «Այդ պետություններից մեծ մասը բարձր եկամուտ ունեցող են և մենք ողջունում ենք, որ եկամտի միջին մակարդակ ունեցող պետությունների շարքում Հայաստանն առաջիններից է, որ նախաձեռնում է այս պատվաստանյութի ներդրումը»,- ասաց ԱՀԿ ներկայացուցիչը:
Պաուլ Բլյումը նշեց, որ պատվաստանյութի ազդեցության հետ կապված արդեն իսկ առկա են նախնական տվյալներ: Այն երկրներում, որտեղ արդեն մի քանի տարի այդ պատվաստանյութը կիրառվում է, դիտվում է հիվանդացության մեծ անկում:
Շվեդիայից ժամանած պրոֆեսոր Ջոհակիմ Վիլները ներկայացնելով իր երկրի փորձը՝ նշեց, որ ներդրված պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների արդյունքում՝ Շվեդիայում բարորակ անոգենիտալ գորտնուկներն ու արգանդի պարանոցի նախաքաղցկեղային ախտահարումները, պապիլամավիրուսի վարակը որպես այդպիսին ավելի ու ավելի հազվադեպ է հայտնաբերվում:
Նրա խոսքերով՝ Շվեդիայում աղջիկներն այդ պատվաստումը ստանում են 10-11 տարեկանում: «Պատվաստումներն իրականացվում են դպրոցում: Դրանք կամավոր են, բոլոր աղջիկներին պատվաստումից առաջ տրամադրվում են տեղեկատվական փաթեթներ պատվաստումների արդյունավետության վերաբերյալ»,- ասաց պրոֆեսորը՝ հավելելով, որ պատվաստումն իրականացվում է ծնողների համաձայնությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհը գնացել է այս ճանապարհով. Փոխնախարարը՝ պապիլոմա վիրուսի պատվաստման մասին
- Կիրականացվեն պատվաստումներ պապիլոմավիրուսային վարակի դեմ
- Կանխարգելելն ավելի դյուրին է, քան բուժելը. արգանդի վզիկի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան