Աշխարհը գնացել է այս ճանապարհով. Փոխնախարարը՝ պապիլոմա վիրուսի պատվաստման մասին
Հայաստանում 2017 թվականի դեկտեմբերից կներդրվի մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ նախարարությունը դեռ մի քանի տարի առաջ պլանավորել էր իր պատվաստումների օրացույցի մեջ ներառել նաև մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը, և դեկտեմբերին գործընթացը կսկսվի: Հայաստանում այս ծրագիրը կիրականացվի GAVI-ի միջոցով:
Փոխնախարարը նշեց, որ մարդու պապիլոմավիրուսային պատվաստումը վերջին տարիներին մեծ տարածում է գտել բազմաթիվ երկրներում: Մասնավորապես, աշխարհի 70 երկրում, այդ թվում 33 եվրոպական երկրում՝ Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, արդեն իսկ ներդրվել են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները:
«Այն տալիս է շատ լավ արդյունքներ այն առումով, որ ոչ ինֆեկցիոն հիվանդություններից մեկը՝ արգանդի վզիկի քաղցկեղն ուղղակիորեն կանխարգելվում է»,- ասաց նա:
Սերգեյ Խաչատրյանը հայտնեց, որ օգոստոսի 31-ին տեղի կունենա խորհրդակցություն, որի ժամանակ ավելի մեծ կազմով քննարկելու են բոլոր տեխնիկական և գիտական հարցերը` նոր պատվաստման ներդրման հետ կապված:
Հարցին, թե մտավախություն չունեն, որ այս պատվաստմանը շատ ծնողներ դեմ կլինեն, ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասաց՝ ինչպես Հայաստանում ներդրված բոլոր պատվաստումները, պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը ևս պարտադիր չի լինի: «Եթե ծնողը չի ցանկանում պատվաստել իր երեխային, ապա կարող է հրաժարական գրել, իհարկե, բուժաշխատողի պատվաստման հետ կապված մանրամասների ներկայացումից հետո»,- ասաց նա:
Սերգեյ Խաչատրյանն էլ նշեց. «Կարծում եմ, եթե երեխան հնարավորություն ունի պատվաստվել և այդ հիվանդությամբ չվարակվել, ապա այդ ծնողը պետք է անպայման մտածի՝ բողոքել վակցինացիայի դեմ, թե՞ իսկապես գնահատել իրեն տրված հնարավորությունը: Երբ որ նժարի վրա դնեն իրենց երեխայի կյանքն ու վակցինացիայի հանդեպ ունեցած վերաբերմունքը, առաջինն անպայման հաղթելու է: Մենք բաց ենք, և ցանկության դեպքում, պատրաստ ենք մեր բնակչությանը ներկայացնել բոլոր հնարավոր և անհնար ռիսկերը: Աշխարհը գնացել է այս ճանապարհով, հսկայական թվով փորձ կա և այն ցույց է տալիս դրական արդյունքները»,- ընդգծեց Սերգեյ Խաչատրյանը:
ԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը նշեց, որ սա կարևոր նախաձեռնություն է, թեև պապիլոմավիրուսային վիրուսի դեմ պատվաստումը նոր է, բայց այն հեղափոխություն է արգանդի վզիկի դեմ պայքարի գործընթացում: «ԱՀԿ-ն աջակցում է այս նախաձեռնությանը, և ես ցանկանում եմ ասել, որ արգանդի վզիկի քաղցկեղը շատ լուրջ հիվանդություն է Հայաստանի համար և ոչ միայն»,- ասաց Եգոր Զայցևը:
Ուռուցքաբան-գինեկոլոգ Գագիկ Բազիկյանն էլ հայտնեց, որ աշխարհում տարեկան գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի 500 հազար նոր դեպք և ամեն տարի այն խլում է ավելի քան 250.000 կյանք: Քաղցկեղի այդ տեսակից մեր երկրում ամեն տարի մահանում է ավելի քան 150 կին: Տարեկան 300 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ: Այն իր տարածվածությամբ չարորակ նորագոյացությունների շարքում գրավում է երկրորդ տեղը` կրծքագեղձի քաղցկեղից հետո:
«Հայաստանում 40 և ավելի տոկոսի դեպքում հիվանդությունը հայտնաբերվում է ուշացած, երբ ռադիկալ բուժումն անհնար է: Ուստի այս նախաձեռնությունը շատ կարևոր է»,- նշեց գինեկոլոգը:
Նշենք, որ ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս այս պատվաստումը կատարել 9-13 տարեկան աղջիկների շրջանում, քանի որ այն արդյունավետ է հորմոնալ հասունացման ժամանակահատվածում,երբ աղջիկները դեևս չեն սկսել սեռական կյանքով ապրել, այսինքն՝ չեն կարող պապիլոմա վիրուսով արդեն վարակված լինել: Հայաստանում, հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, որոշվել է պատվաստել 13 տարեկան աղջիկներին:
Հարակից հրապարակումներ`
- Կիրականացվեն պատվաստումներ պապիլոմավիրուսային վարակի դեմ
- Կանխարգելելն ավելի դյուրին է, քան բուժելը. արգանդի վզիկի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին