Լամիյա Հաջի Բաշարի անվան ամենամյա կրթաթոշակը շնորհվելու է եզդի ուսանողի
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն հայտնում է եզդի աշակերտների համար ամենամյա նոր կրթաթոշակի հաստատման մասին, որն ստեղծվել է մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ, ազգությամբ եզդի Լամիյա Հաջի Բաշարի հետ համագործակցությամբ։
Աղբյուրի փոխանցմամբ, սա 7 միլիոն դոլար բյուջե ունեցող Երախտագիտության կրթաթոշակների ծրագրի հավելումն է, որը հիմնվել է՝ ի երախտագիտության այն երկրների ժողովուրդներին, որոնք ավելի քան մեկ դար առաջ սնունդ և ապաստան են տրամադրել Հայոց ցեղասպանության հետևանքով տեղահանվածներին։
Լամիյա Հաջի Բաշարի անվան առաջին կրթաթոշակառուն 18-ամյա Այիդո Խիրո Օմարն է Իրաքի Մոսուլ քաղաքից՝ մի քաղաք, որը 2014 թվականից ի վեր խոշտանգվում է չդադարող բռնությունից։ Այիդոն ընտրվել է ոչ միայն իր ցուցաբերած բացառիկ առաջադիմության, այլև Իրաքում կրթության հնարավորությունից զրկված որբերի համար կրթական հնարավորություններ ստեղծելու համարձակ նախաձեռնության համար։
Լամիյա Հաջի Բաշարի անվան կրթաթոշակն ամեն տարի տրվելու է ի նշան Իսլամական պետության սանձազերծած սեռական ստրկության դեմ Լամիյայի 2014 թվականի մղած պայքարի։ Բազմաթիվ անհաջող փորձերից հետո Լամիյային 2016 թվականին վերջապես հաջողվեց փախչել ստրկությունից, սակայն դեմ առնելով ականի՝ դաժան պայթյունից ստացել է բազմաթիվ վնասվածքներ։ Ներկայումս Լամիյան շարունակում է նվիրումով ծառայել իր գործին և աշխատում է Գերմանիայում իբրև հանրային իրավապաշտպան՝ բարձրացնելով եզդիների կրած տառապանքների մասին իրազեկությունն աշխարհում։
«Լամիյան բոլորիս համար է օրինակելի գործիչ, հատկապես երիտասարդների, որոնք աշխարհի տարբեր կողմերում պայքարում են հանուն սոցիալական արդարության։ Նա փայլուն օրինակն է այն ազնվության ու նվիրումի, որոնք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ջանք չի խնայում ճանաչման արժանացնելու և դրանցով երիտասարդ առաջնորդներին ոգեշնչելու համար։ Եվ երբ UWC Dilijan դպրոցը ձգտում է ամբողջ աշխարհից մեկտեղ հավաքել նպատակասլաց երիտասարդ առաջնորդների, Լամիյա Հաջի Բաշարի անվան կրթաթոշակը հիշեցնում է մեր աշակերտներին, որ կրթությունը կարող է խաղաղության ուժ ունենալ»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Dilijan միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին