Ֆրանսահայ բժիշկների առողջապահական ծրագիրը հայրենիքում
Ֆրանսահայ բժիշկների միությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ Շիրակի մարզում իրականացրեց «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական, առողջապահական ծրագիրը։
Բանկի մարքեթինգի բաժնի հաղորդմամբ, այս տարի UMAF-ի բժիշկները իրենց գործունեությունը ծավալեցին Շիրակի մարզի 32 համայնքներում: Ծրագրի առաջին փուլի շրջանակում հետազոտվել է շուրջ 6000 երեխա, 450-ի մոտ տեսողության խնդիրներ են հայտնաբերվել։
Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության 9 հոգուց բաղկացած խմբի ղեկավար Լևոն Արթինյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մենք արդեն 15 տարի է գալիս ենք Հայաստան և իրականացնում «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը։ Մեզ հետ Հայաստան բերված սարքավորումները տրամադրել է մեր ճապոնական գործընկեր կազմակերպությունը, ապակիները, շրջանակները ֆրանսահայ համայնքի հանգանակությամբ ենք գնել: Բայց ամենակարեւորը՝ վերջին երկու տարիներին մեր բարեգործական ծրագրին հայաստանյան ընկերություններ են աջակցում: Շատ ուրախ ենք, որ ԱԿԲԱՆ օգնում է մեզ, և Հայաստանում մեր առաջին հովանավորն է ու երկար տարիների ընկերը։ Մեզ համար շատ կարևոր է, որ հենց հայաստանյան կազմակերպություններն աջակցեն այս ծրագրերին, քանի որ մենք չենք ցանկանում գալ և ասել, որ ամեն ինչ գիտենք, միայնակ կարող ենք արդյունավետ ծրագիր իրականացնել․ մենք Հայաստանի հայերի օգնության կարիքն ունենք»:
Արթինյանի գլխավորած խումբը Հայաստանում տարեկան միջինը 500 ակնոց է տրամադրում ոչ միայն մանուկներին, այլև տարեցներին: