Վարդենիսի նոր ճանապարհի գործարկումը Արցախի շրջափակման յուրօրինակ ճեղքում է. Գագիկ Մինասյան
Հայաաստանի խորհրդարանի պատգամավորները պետք է առավել խորը համագործակցեն արցախցի իրենց գործընկերների հետ՝ ներկայացնելով խորհրդարանական աշխատանքի հայաստանյան և միջազգային փորձը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով հայաստանցի պատգամավորների՝ Արցախի ԱԺ կատարած վերջին այցին:
«Մենք միշտ պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել: Արցախում ներկայացրել ենք հինգ տարբեր թեմա՝ երկու օր տևած նիստերի ընթացքում: Դրանք էին՝ օրենքների կիրառման վերահսկողություն, խորհրդարանական բյուջետային գրասենյակի ստեղծում, հաշվեքննիչ պալատի մասին օրենքի ընդունման շուրջ քննարկումներ, խորհրդարան-հաշվեքննիչ պալատ համագործակցությունն ապահովող մարմնի ստեղծում և ծրագրային բյուջետավորումներ:
Արցախցի մեր գործընկերները լավ պատրաստվել էին այս քննարկումներին, և կարողացանք բավական լուրջ աշխատանք կատարել: Բոլոր թեմաներով բավական հետաքրքիր քննարկումներ ծավալվեցին: Հիմնական շեշտադրումը հանրային ֆինանսների արդյունավետ ծախսման թեման էր»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող նոր՝ Վարդենիսի ճանապարհի շահագործմանը՝ Գագիկ Մինասյանը նշեց, որ ավտոճանապարհի գործարկումը չափազանց մեծ ձեռքբերում է: Նրա համոզմամբ, սա Ղարաբաղի շրջափակման յուրօրինակ ճեղքում է: Նոր ճանապարհը 10-20 կիլոմետրով կրճատում է Արցախ հասնելու ժամանակահատվածը և էապես նպաստում զբոսաշրջիկների ներհոսքի ավելացմանը: