«Կրթության մշակի ստանձնած պաշտոնը պահանջում է նվիրում, ոգի և պատասխանատվություն». Գարեգին Բ
Այսօր՝ 2017-2018 թթ. ուսումնական նոր տարեշրջանի նախօրեին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության կարգ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ օրհնելով կրթության ոլորտի պատասխանատուներին և մշակներին` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն արարողության ավարտին նրանց հղեց նաև իր հայրապետական պատգամը:
«Սրտի բերկրանքով ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ մեր ժողովրդի նվիրական այս սրբավայրում: Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում և շնորհավորում ձեզ, ինչպես և՝ կրթության բնագավառի բոլոր նվիրյալներին՝ Գիտելիքի օրվա և 2017-2018 ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով:
Ամառային հանգստյան օրերից հետո կրթական մեր հաստատությունները, ահավասիկ, կրկին իրենց դռներն են բացում մատաղ սերնդի առջև, որպեսզի գիտելիք և իմացություն փոխանցեն և կրթեն նրանց միտքն ու հոգին:
Գիտելիքն ու ուսումը միշտ էլ առաջնահերթություն են եղել մեր ժողովրդի համար, և շնորհիվ կրթօջախների՝ մեր կյանքի մնայուն ընկերակից են եղել գիրն ու գրականությունը, իմացության փափագն ու ձգտումը՝ ինչպես սուրբգրային խոսքն է ասում. «Սիրտդ տուր խրատին, և ականջներդ պատրաստ պահիր իմաստության խոսքերը լսելու համար (Առ. ԻԳ 12): Նվիրական ու վսեմ, բայց միաժամանակ մեծ ու դժվարին պարտականություն ունենք բոլորս, բայց ի մասնավորի՝ մանկավարժներն ու ուսուցիչները, վառ պահելու կրթության առաջնահերթությունը և հագեցնելու մեր մատաղ սերնդի ունեցած ծարավը ուսման և գիտության հանդեպ: Արդարև, կրթության մշակի ստանձնած պաշտոնը կոչում է, որ պահանջում է նվիրում, ոգի և պատասխանատվություն: Այս ըմբռնումով և զգացումով է մանկավարժի մատուցածը արժեք ստանում և կենսավորվում: Ուսուցիչը իր սաների համար դառնում է օրինակ իմացության, միաժամանակ` ազնվության, արդարության ու մարդկային ամեն բարձր արժանիքների: Այս մեծ երջանկությունն ու պատասխանատվությունն եք ապրում դուք, սիրելիներ, ձեր ծառայագործության մեջ: Ձեր ջանքերով կրթված ու պատրաստված սերունդն է, որ մեր օրերի արագափոփոխ զարգացումներում հոգևոր և մտավոր ներուժ և քաջություն կունենա ապահովելու մեր ժողովրդի ու պետականության շարունակականությունը և անընդմեջ զորացումն ու առաջընթացը:
Սուրբ Մաշտոցի ոգով լեցուն այս օրը, երբ դուք ուխտավորաբար եկել եք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ աղոթելու, հոգով վերանորոգվելու, Մեր հայցն ու մաղթանքն է առ Աստված, որ կրթության մշակներիցդ անպակաս լինի ծառայության եռանդը, և Տերը պարգևի ձեզ իմաստության առատ շնորհներ՝ ուսումնական նոր տարում արդյունավորելու ձեր նվիրյալ ջանքերը հանուն մեր նոր սերնդի որակյալ կրթության և մեր հայրենիքի և ի սփյուռս աշխարհի մեր ժողովրդի բարօր ապագայի: Մեր հորդորը և պագամը ձեզ բերում ենք առաքյալի խոսքով. «Քո անձը… օրինակ դարձրու բարի գործերի համար, ուսուցման մեջ պահիր անեղծություն, սրբություն, պարկեշտություն» (Տիտ. Բ 7)», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` խոսքն ամփոփելով սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի «Իմաստություն Հոր` Հիսուս» աղոթքով»։
Մայր Տաճարում արարողությանը ներկա են եղել Ազգային Ժողովի Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, պետական կրթական կառույցների և մարզպետարանների ներկայացուցիչներ, մարզերի հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան