Մատենադարանի կարգավիճակի փոփոխման գործընթացն առաջիկա ամսում պետք է արվի
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ»-կարգավիճակի փոփոխության՝ ՊՈԱԿ-ից Հիմնադրամ, գործընթացը շարունակվում է: Ամենայն հավանականությամբ, Մատենադարանն արդեն հոկտեմբերից փոխած կլինի իր կարգավիճակը:
Հիշեցնենք, որ կառավարության հուլիսի 20-ի որոշմամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի հիմնադրամի՝ Մատենադարանի զարգացման ծրագրերի իրականացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով:
Panorama.am-ի հետ զրույցում Մատենադարանի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով խորհրդական Գուրգեն Գասպարյանն ասաց, որ այժմ տարվում են աշխատանքներ կառավարության որոշման կատարման ուղղությամբ:
«Պետք է Մատենադարան ՊՈԱԿ-ի ամբողջ գույքը, ունեցվածքը գույքագրվի, փոխանցվի արդեն հիմնադրամին: Պետք է փաստաթղթերի փաթեթ կազմվի, ներկայացվի պետական ռեգիստր: Պետական ռեգիստրում գրանցվելուց հետո հիմնադրամի կարգավիճակն իրավական ուժ կստանա: Դա առաջիկա ամսվա ընթացքում պետք է արվի, քանի որ հստակ ժամկետներ են դրված՝ երկու ամիս որոշումը կայացնելուց հետո»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ եթե փաստաթղթերը, փաթեթը թերություններ չունենան, պետական ռեգիստրը կգրանցի Մատենադարանը որպես հիմնադրամ, որից հետո կկազմավորվի հոգաբարձուների խորհուրդը, կկատարվեն մնացած իրավական գործընթացները, կընտրվի տնօրեն կամ կառավարիչ:
Նա նշեց, որ այս պահին կատարվում է Մատենադարանի ունեցած գույքի, արխիվային հավաքածուների հաշվառում:
Գ. Գասպարյանի ներկայացմամբ, կառավարության որոշման մեջ հստակ ձևակերպված է, որ ազգային արժեք ներկայացնող բոլոր հավաքածուները՝ ձեռագրական, արխիվային վավերագրեր, փաստաթղթեր, գրքային ֆոնդեր, մնում են պետության սեփականություն, պետությունն է դրանց տնօրինողը, իսկ Մատենադարանի բուն օգտագործվող գույքն արդեն տրվում է Մատենադարանին օգտագործելու համար:
«Ազգային արժեքները մնում են պետության սեփականությունը և դրանք անձեռնմխելի են»,- ընդգծեց նա:
Գ. Գասպարյանն ասաց, որ հիմնադրամը կառավարման նոր ձևաչափ է, նախորդ ձևաչափի՝ ՊՈԱԿ-ի համեմատությամբ ունի մի շարք առավելություններ, մի քայլ առաջ է:
«Ամենաառաջինն այն է, որ Մատենադարանը որպես հաստատություն կառավարման ընթացքում ավելի լայն հնարավորություններ, ազատություն է ստանում իր միջոցները տնօրինելու հարցում, ավելի արագ կկարողանա կապեր հաստատել արտերկրի նմանատիպ կազմակերպությունների հետ, այսինքն միջնորդավորված օղակները դուրս կգան, ավելի ազատ կլինի հովանավորների, բարերարների, տարբեր կազմակերպությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու հարցում»,- ասաց նա:
Գ. Գասպարյանի կարծիքով, մնացած արդեն կախված է աշխատողներից, կոլեկտիվից, թե ինչ ակտիվություն կդրսևորեն, ինչպես կօգտագործեն այդ հնարավորությունները, որպեսզի Մատենադարանի առջև դրված խնդիրները, առաջնահերթությունները հստակորեն կատարվեն և Մատենադարանը զարգացման ընթացքից չշեղվի:
Հարակից հրապարակումներ`
- Մատենադարանը՝ հիմնադրամ
- Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհուրդը հավանություն է տվել Մատենադարանի կարգավիճակի փոփոխության գործընթացին
- Մատենադարանի կարգավիճակը փոխվելու է
- Մատենադարանի կառավարման խորհուրդը դեռևս չի համալրվել
- Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթ դեռևս չի հայտարարվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան