Հայաստանում վարձատրություն ստացող ամուսնացած տասը կանանցից 9-ը որոշում են` ինչպես են օգտագործելու իրենց վաստակածը
Կանանց համեմատությամբ՝ Հայաստանում ամուսնացած տղամարդկանց երկու անգամ ավելի մեծ մասնաբաժինն է աշխատում (համապատասխանաբար 42 և 89 տոկոս): Այս մասին նշված է «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն, 2015-16» զեկույցում:
Հետազոտության համաձայն՝ աշխատող տղամարդկանց 87 տոկոսը ստանում է դրամական վարձատրություն՝ համեմատած աշխատող կանանց 65 տոկոսի հետ:
Նշվում է նաև՝ աշխատող կանայք ավելի հավանական է, որ աշխատեն առանց վարձատրության (9 տոկոս), քան տղամարդիկ (1 տոկոս): Դրամական վարձատրություն ստացող ամուսնացած տասը կանանցից 9-ը որոշում են, թե ինչպես են օգտագործելու իրենց վաստակածը. նրանց 28 տոկոսը որոշում է ինքնուրույն, իսկ 67 տոկոսը՝ ամուսնու հետ համատեղ: Կանանց երկու երրորդը վաստակում է ամուսնուց ավելի քիչ:
Ինչ վերաբերում է գույքի սեփականությանը, ապա , ըստ հետազոտության, գույքի սեփականություն 15-49 տարեկան կանանց գրեթե կեսը (48 տոկոս) հանդիսանում է որևէ տան սեփականատեր կամ համասեփականատեր՝ համեմատած տղամարդկանց 72 տոկոսի հետ:
Նմանապես, կանանց 16 տոկոսը որևէ հողատարածքի սեփականատեր կամ համասեփականատեր է՝ համեմատած տղամարդկանց 35 տոկոսի հետ: Տասը կանանցից և տղամարդկանցից 2-ն ունեն բանկային հաշիվ, և գրեթե բոլոր կանայք ու տղամարդիկ ունեն բջջային հեռախոս: Կանանց 29 տոկոսն օգտագործում է բջջային հեռախոսը ֆինանսական գործարքներ կատարելու նպատակով՝ տղամարդկանց 20 տոկոսի համեմատությամբ:
Մասնակցություն տնային տնտեսության որոշումների կայացման գործընթացում
ՀԺԱՀ 2015-16-ի շրջանակում ամուսնացած կանայք հարցվել են հետևյալ 3 որոշումների կայացման գործընթացում իրենց մասնակցության մասին՝ սեփական առողջության պահպանում, ՏՏ-ում հիմնական գնումների կատարում, այցելություն ընտանիքին կամ բարեկամներին: Ըստ այդմ՝ ամուսնացած կանանց 96 տոկոսը մասնակցում է սեփական առողջության պահպանման վերաբերյալ որոշման կայացմանը, 92 տոկոսը՝ իրենց ընտանիքին կամ բարեկամներին այցելելու, իսկ 80 տոկոսը՝ ՏՏ-ում հիմնական գնումների կատարելու որոշման կայացմանը: Չորս կանանցից 3-ը մասնակցում են բոլոր երեք որոշումների կայացմանը, իսկ 2 տոկոսը չի մասնակցում երեք որոշումներից ոչ մեկի կայացմանը:
Կանանց մասնակցությունը բոլոր երեք որոշումների կայացմանը փոփոխվում է ըստ մարզերի՝ կազմելով 47 տոկոս Արարատում և 90 տոկոս Արմավիրում: Բոլոր երեք որոշումների կայացմանը մասնակցող կանանց մասնաբաժինը 2000-ի 50 տոկոսից աճել է մինչև 82 տոկոս 2010-ին, սակայն 2015-16-ին մի փոքր նվազել է՝ կազմելով 77 տոկոս: Այն կանանց մասնաբաժինը, ովքեր չեն մասնակցում որոշումներից և ոչ մեկի կայացմանը, 2000-ի 14 տոկոսից կտրուկ նվազել է՝ կազմելով 2 տոկոս 2015-16- ին: