Որպես առողջապահության նախարար՝ մտահոգ եմ բնակչության առողջության, այլ ոչ թե թերազեկումների համար. Լևոն Ալթունյան
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պետպատվերով իրականացվող հեմոդիալիզի խնդրին՝ ասաց, որ մի քիչ չլուսաբանված մնաց հեմոդիալիզի ծառայությանը լրացուցիչ 216 մլն 820 հազար ՀՀ դրամ ուղղելու մասին ՀՀ կառավարության որոշումը։
Հիշեցնենք՝ հեմոդիալիզով մի շարք հիվանդներ ահազանգել են, որ, մասնավորապես «Աստղիկ» ԲԿ-ում հրաժարվել են դիալիզով հիվանդներին անվճար սպասարկել, քանի որ ՀՀ առողջապահության նախարարությունը դադարեցնում է պետպատվերը դիալիզի համար: Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հայտարարությամբ հերքեց այս տեղեկությունը՝ հաղորդելով, որ սոցիալական ցանցում տարածված տեղեկատվությունը, թե իբր դադարեցվում է հեմոդիալիզի պետպատվերը` իրականությանը չի համապատասխանում: Դրանից հետո որոշ հիվանդներ բողոքի ակցիա էին կազմակերպել Առողջապահության նախարարության շենքի մոտ: Նրանք նաև մտավախություն ունին, որ 2018 թվականի հունվարից կդադարեցվի պետական ֆինանսավորումը:
«Երկու շաբաթ առաջ պետպատվերի վերաբաշխում էր կատարվել, և ևս 280 մլն դրամ ուղղվել էր դիալիզով հիվանդների համար: Դա նախատեսում է մոտ 11 հազար սեանս, որը պետք է օգնի 200 հիվանդի: Բողոքի ակցիան տեղի է ունեցել այդ որոշումն ընդունելուց ուղիղ մեկ շաբաթ անց, և ոչ մի այլ նպատակ, բացի թերիրազեկումից, ես չեմ կարող տեսնել այստեղ»,- ընդգծեց Լևոն Ալթունյանը:
Հարցին, թե սա նշանակում է, որ «Աստղիկ» ԲԿ-ն ինքնագործունեությամբ է զբաղվել՝ հիվանդներից գումար պահանջելով, նախարարը պատասխանեց. «Այդպիսի ներքին հարցերով զբաղվում են համապատասխան ատյանները և բաժինները, ես չեմ խորանում այդ հարցերում: Որպես առողջապահության նախարար ես մտահոգ եմ բնակչության առողջության, այլ ոչ թե թերազեկումների համար»,- նշեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Հեմոդիալիզի ծառայությունների հնարավորությունները բավարարում են հիվանդներին անհրաժեշտ բուժում տրամադրելու համար. ԱՆ
- Հեմոդիալիզի ծառայությունը կլինի պետպատվերի շրջանակում. ԱՆ ներկայացուցիչ
- Հեմոդիալիզի ծառայությունը կշարունակվի իրականացվել պետպատվերի շրջանակում
- Հայաստանում հեմոդիալիզ ստացողների միջին տարիքը կազմում է 56
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին