Ես ԱԻՆ-ում իմ թիմն եմ ձևավորում. Դավիթ Տոնոյան
«Պաշտպանության նախարարության մասնագետները կառավարման լուրջ ունակություններ ու հմտություններ ունեն, իսկ կադրերին Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղափոխելով իմ թիմն եմ ձևավորում»,- այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողներրի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե նա ՊՆ-ից այնքան շատ կադր է բերել ԱԻՆ, որ արդեն խոսում են «զուգահեռ ՊՆ» ստեղծելու մասին։
Նախարարի խոսքերով՝ ընդամենը 7 ամիս է, ինչ աշխատում է ԱԻՆ-ում և իրավունք ունի հավաքելու իր թիմը, որպեսզի կարողանա ճիշտ կազմակերպել աշխատանքը։
Հարցին, թե վերջին հրդեհները ցույց տվեցին համակարգի բացթողումները, տեխնիկայի բացակայությունը, Դավիթ Տոնոյանը նշեց, որ հրշեջները հրդեհաշիջման աշխատանքները կատարել են շատ արհեստավարժ և արիաբար:
«Ուղղակի նկարագրելու չէ, թե ինչ արիությամբ են աշխատել: «Նաիրիտ»-ում օգտագործվել են լավագույն տեխնիկական սարքավորումները, իսկ անտառային հրդեհների այդ ծավալը մեզ համար որոշակի դժվարություններ ստեղծեց, բայց դա էլ հաղթահարվեց: Երկիրը, կառավարությունը միշտ պատրաստվում է այդպիսի աղետներին արձագանքելու համար: Տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս միայն ՌԴ-ն ունի հրդեհաշիջման այդ կարողությունը, տեխնիկան: Ինքնաթիռի մեկ թռիչքով իրականացվում է նույն աշխատանքը, ինչ ուղղաթիռների 60 թռիչքով»,- նշեց Դավիթ Տոնոյանը: