Հրադադարի ռեժիմի խախտումները պետք է շատ թանկ նստեն Ադրբեջանի վրա, որպեսզի այլևս չկրակի. քաղաքագետ
Քիչ հավանական է, որ ԵԱՀԿ-ն հասցեական հայտարարություն հնչեցնի և դատապարտի Ադրբեջանին՝ ԵԱՀԿ մոնիտորինգի ընթացքում Տավուշում կրակ բացելու առնչությամբ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ հավելելով, որ եվրոպական այդ կառույցն առավել ընդհանրական կերպով կհիշատակի սահմանային միջադեպի մասին։
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն նմանօրինակ դեպքերից խնդիր չի սարքում, հետևություններ չի անում և դատապարտող գնահատականներ չի հնչեցնում։ «Դա նրանց աշխատաոճն է։ Այս միջադեպն էլ, ինչպես ասում են, կանցնի-կգնա։ Ավելի լուրջ բաներ են եղել, որ երկու օրվա ընթացքում մոռացվել են։ Այնինչ ԵԱՀԿ-ն սահմանային խախտումների վերաբերյալ հստակ դիրքորոշում չի արտահայտել։ Դրան հասնելու համար հայկական կողմը պետք է փոխի գործելաոճը, մինչդեռ կուլ է տալիս սահմանային միջադեպերը։ Ադրբեջանը ոգևորվում է սրանից»,- ընդգծեց Մանվել Սարգսյանը։
Քաղաքագետի համոզմամբ, Հայաստանը սկզբունքորեն պահանջներ չի ներկայացնում ԵԱՀԿ-ին, այնինչ եթե ներկայացներ, այդ մարմինը համապատասխան ձևով աշխատանքներ կիրականացներ։
Մանվել Սարգսյանը համոզմունք հայտնեց՝ Ադրբեջանն ամեն պատեհ-անպատեհ առիթով խախտում է հրադադարի ռեժիմը՝ ցույց տալու, որ հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումներն իր համար որևէ արժեք չունեն։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ բացարձակապես հաշվի չի նտում միջազգային կառույցների, այս դեպքում՝ ԵԱՀԿ-ի հետ։
«Հրադադարի ռեժիմի խախտումները պետք է շատ թանկ նստեն այդ երկրի վրա, որպեսզի այևս նման քայլերի չդիմի։ Քանի դեռ անպատժելիության վճակ է, Ադրբեջանը հասնելու է իր նպատակին։ Քանի դեռ չկան զսպող մեխանիզմներ, Բաքվի կողմից սա դառնում է գործելաոճ և ռազմավարություն։ Եթե իր իսկ կրակոցները քաղաքական վնաս բերեն Ադրբեջանին, նա այլևս չի կրակի»,- ամփոփեց մեր զրուցակիցը։