«FMD KL Europe»-ի աշխատակիցներն արյուն են նվիրաբերել արյան ուռուցքային հիվանդություններով երեխաներին
Համաշխարհային կորպորացիայի մաս կազմող հայաստանյան «Էֆ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» պայմանագրային հետազոտական ընկերությունը (FMD KL Europe CRO) և ՀՀ ԱՆ Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն այսօր արյունատվություն են կազմակերպել։
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայության փոխանցմամբ, հավաքված դոնորական արյունը նվիրաբերվելու է արյան ուռուցքային հիվանդություններով երեխաներին: Այս քայլով կազմակերպությունը ձգտում է հաստատել կազմակերպությունում ամուր սոցիալական ուղղվածություն:
«Կորպորատիվ և սոցիալական պատասխանատվությունը վերաբերում է կազմակերպության բոլոր մակարդակներին, և մենք ցանկանում ենք ներդնել այս մշակույթը մեր ամբողջ կազմակերպությունում: Ես հպարտ եմ, որ աջակցում եմ այս նախաձեռնությանը: Արյունն ամենաթանկ նվերն է, որ որևէ մեկը կարող է նվիրել ուրիշին: Առավել ևս, որ այս ամենի շնորհիվ կարելի է բազմաթիվ կյանքեր փրկել: Մարդու օրգանիզմը կարող է արագ վերականգնել նվիրաբերած արյունը ուստի կարելի է նման միջոցառումները կազմակերպել պարբերաբար»,- նշել է «Էֆ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» կազմակերպության տնօրեն Կիրիտ Վելանին։
«Մենք ուրախ ենք, որ միջազգային խոշոր կորպորացիայի մաս կազմող այս ընկերությունը ոչ միայն անընդհատ ավելացնում է ներդրումները Հայաստանում, ակտիվորեն մասնակցում տնտեսական զարգացումներին, այլ նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մշակույթ է զարգացնում»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի Հետներդրումային թիմի ղեկավար Հայկ Միրզոյանը։
Միջոցառումը կազմակերպվել էր երևանյան գրասենյակում՝ ի շարս ընկերության որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մյուս ծրագրերի, ինչպես, օրինակ, երիտասարդ արվեստագետներին եւ «Օրրան» բարեգործական կազմակերպությանն աջակցելու նախաձեռնությունները:
«FMD KL Europe»-ը պայմանագրային հիմունքներով աշխարհի խոշորագույն դեղագործական առաջատար ընկերություններին ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը «FMD K&L» համաշխարհային կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղն է։