Հանրային ռադիոյի աստղային ճեմուղին համալրվեց Հայկական հեռուստատեսության և ռադիոյի երախտավորների անուններով
Այսօր Հանրային ռադիոյի պուրակում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում աստղային ճեմուղին համալրվեց Հայկական հեռուստատեսության և ռադիոյի երախտավորների անուններով։
Արարողությանը ներկա էին ռադիոյի և հեռուստատեսության երախտավորներ ու նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի ղեկավարներն ու աշխատակիցները։
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Նառա Շլեպչյանը, բոլոր նրանք, ում անունները հայտնվել են աստղային ճեմուղում, արժանի մարդիկ են, Հանրային հեռուստատեսության և ռադիոյի երախտավորները, որոնք անասելի մեծ ներդրում ունեն հայ մշակույթի զարգացման գործում։
Նա համոզմունք հայտնեց, որ իրենց՝ ռադիոյի և հեռուստատեսության երախտավորների կողքին աշխատող տաղանդավոր երիտասարդները վաղն արժանի կերպով կփոխարինեն ավագ գործընկերներին։
Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանն էլ նշեց, որ միայն երեկ է տեղեկացել փառքի ծառուղում իր անվամբ սալիկի զետեղման մասին և մեծ անակնկալի եկել։ «Չէի կարծում, որ ծառուղում իմ անունը ևս կհայտնվի, այսինքն՝ կարծում էի՝ դա ավելի ուշ կլիներ, բայց հիմա շատ շոյված եմ։ Ամենակարևորն այն է, որ մենք մարդուն գնահատում ենք նրա կենդանության օրոք, առաջ նման բան չկար։ Մի քիչ կոպիտ, բայց լավ խոսք կա. «Գնա մեռի, արի սիրեմ»։ Այսօր այդ կարծրատիպը կարծես կոտրվում է»,- նշեց մաեստրոն։
ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանն իր հերթին ընդգծեց, որ շատ է կարևորում արտիստների որակական հատկանիշներին և կատարողական մշակույթին։ «Երգիչը կարող է մեծ երգացանկ ունենալ, բայց մեկ-երկու երգը լավը լիւնեն։ Այժմ ազատ շուկա է, իսկ առաջ երաժշտական ստեղծագործություններն ընդրվում էին գեղարվեստական խորհրդի կողմից։ Խոսքը և բառերի, և երաժշտության, և գործիքավրման մասին է։ Հիմա ամեն մեկը տարբեր ստուդիաներում երգեր է ձայնագրում և մատուցում։ Ճիշտ ուղղորդում է անհրաժեշտ»,- նշեց երգչուհին։