Սեպտեմբերի 1-ից մեր ողջ երկիրը սկսում է ապրել նոր՝ առանձնահատուկ ռիթմով ու տեմպով. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես նշված է.
«Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ,
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Սեպտեմբերի 1-ին տրվում է ուսումնական տարվա մեկնարկը, և այդ պահից մեր ողջ երկիրը սկսում է ապրել նոր՝ առանձնահատուկ ռիթմով ու տեմպով: Այս օրը հատկապես բացառիկ է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անելու դեպի դպրոց և բացահայտելու են գիտելիքների նոր ու զարմանահրաշ աշխարհներ:
Գիտելիքի կարևորության գիտակցումն այսօր անվիճելիորեն առկա է թե՛ յուրաքանչյուր ընտանիքում և թե՛ ողջ հասարակության մեջ: Կարևոր եմ համարում, սակայն, Հայաստանի կրթական համակարգի կատարելագործմանն ուղղված բարեփոխումների և դրանց ընթացքի մասին լուրջ հասարակական քննարկումները, քանի որ ժամանակներն ու նրանց պահանջներն անընդհատ փոփոխվում են, իսկ մենք միշտ պետք է լինենք արդիական:
Մեր աշակերտների և ուսանողների հաջողությունները միջազգային մրցասպարեզներում, իհարկե, մեզ ոգևորում են և հուշում, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց մեզ համար ավելի կարևոր է կրթության համընդհանուր մակարդակի բարձրացումը: Անհրաժեշտ են դպրոցների և համալսարանների այնպիսի շրջանավարտներ, ովքեր մրցունակ կլինեն և իրենց տեղը կգտնեն կյանքում ու աշխատանքում:
Մաղթում եմ, որ բոլորս միասին զինվենք նոր գիտելիքներով և դառնանք ավելի ուժեղ, քանի որ «գիտելիքը ուժ է»: