Տոնոյան. Ձևավորվում է թիմ, որը կոչված է լինելու առավել մեծ արդյունավետությամբ լուծելու ԱԻՆ առջև դրված խնդիրները
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել փրկարար ծառայությանը՝ վերջին օրերին գրանցված խոշոր հրդեհների դեմ պայքարում համախմբված և անձնվեր ծառայության համար:
Այսօր հրավիրած խորհրդակցությանը նա ներկայացրել է փոխնախարարի պաշտոնից ազատված և ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետ նշանակված Հայկարամ Մխիթարյանին:
«Իմ խորին համոզմամբ՝ գիտնական-հետազոտողների միտքը պետք է ազատ լինի վարչարարական խնդիրներից, իսկ պարոն Մխիթարյանը երկար տարիներ հաջողությամբ համակարգել է այդ ոլորտը և կարող է իր կառավարչական հմտություններով ավելի զարգացնել ու բարելավել այն,- նշել է Դ.Տոնոյանը:
ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը «Փառքի խաչ Նոյ» մեդալով է պարգևատրել Հ.Մխիթարյանին՝ ԱԻՆ համակարգի կայացման գործում ներդրած ավանդի և երկարամյա անբասիր աշխատանքի համար:
Խորհրդակցությանը նախարարը ներկայացրել է նաև ԱԻ նորանշանակ փոխնախարար Արա Նազարյանին:
«Ձևավորվում է թիմ, որը կոչված է լինելու առավել մեծ արդյունավետությամբ լուծելու նախարարության առջև դրված խնդիրները, քանի որ այս կառույցը մեր հայրենիքին չափազանց կարևոր ծառայություն է մատուցում»,-ասել է նա:
Նորանշանակ փոխնախարարն իր խոսքում հավաստել է, որ իր համար մեծ պատիվ է աշխատանքի անցնել ԱԻՆ համակարգում և, նա իր փորձառությունը գործի կդնի ԱԻ նախարարության առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ես ԱԻՆ-ում իմ թիմն եմ ձևավորում. Դավիթ Տոնոյան
- ԱԻ փոխնախարարն ազատվեց աշխատանքից
- Արա Նազարյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից