Մատենադարանում բացվելու է Լազարյան տոհմին նվիրված ցուցադրություն
Սեպտեմբերի 5-ին Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա Լազարյան ազնվական տոհմի գործունեությանը նվիրված ցուցադրության բացումը։ Մատենադարանից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ներկայացված են Մաշտոցյան Մատենադարանի ու Ե. Չարենցի անվ. Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուներում պահվող առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթեր, պատմական բացառիկ նշանակության վավերագրեր, եզակի լուսանկարներ, շքանշաններ։ Ցուցադրված են նաև ձեռագրական նմուշներ Մատենադարանի Լազարյանների ֆոնդից։
Լազարյանները կարևոր դեր են կատարել Իրանում, հատկապես Նոր Ջուղայի հայոց կյանքում: 18-րդ դարի կեսերից հաստատվելով Ռուսաստանում՝ նրանք մեծ ներդրում են ունեցել տնտեսության ու լուսավորության ասպարեզում: Վիթխարի է նրանց դերը հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման, հայկական ու ռուսական մշակույթների զարգացման ու փոխհարստացման գործում։ Լազարյանների ուժերով 1805 թ. հիմնվել է Մոսկվայի հայկական «Վագանկովսկոյե» գերեզմանատունը, որտեղ կառուցվել է Սուրբ Հարություն եկեղեցին։ 1815 թ. իր դռներն է բացել հռչակավոր Լազարյան ճեմարանը, այնուհետև՝ ուսումնական կենտրոնին կից տպարանը (1829 թ.) և թատրոնը։ Ճեմարանը 1827 թ. վերափոխվել է Արևելյան լեզուների ինստիտուտի, որը մեծ դեր է կատարել Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում արևելագիտության, ինչպես նաև դիվանագիտական մտքի ձևավորման գործում։ Լազարյան ճեմարանում են սովորել հայ և ռուս ականավոր գրողներ, մշակութային գործիչներ, բանասերներ ու պատմաբաններ։
Ցուցադրությունը ներկայացնում է Լազարյան տոհմի անցած փառապանծ ուղին:
Ցուցադրությունն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։