Որակյալ կրթությունը մեր պետության ու հասարակության կարևորագույն առաջնահերթություններից է. ԱԺ նախագահ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ։ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ներկայացնում են ուղերձն ամբողջությամբ։
«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ և մանկավարժներ, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Առանձնակի շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս այն աշակերտներին, ուսանողներին և մանկավարժներին, ովքեր առաջին անգամ են մտնում իրենց կրթօջախների շեմից ներս, ում կյանքում մեկնարկում է ուսումնառության և մանկավարժական գործունեության առաջին տարին:
Հոգեպես և ֆիզիկապես առողջ, կրթված, խելացի ու ազատ քաղաքացին պետության բարեկեցության ու ազատության գրավականն է: Իսկ որակյալ կրթությունը մեր պետության ու հասարակության կարևորագույն առաջնահերթություններից է: Այն մեր ռազմավարական ռեսուրսն է, որը պետք է շարունակաբար զարգացնենք:
Բոլոր երեխաներն էլ ցանկանում են ճանաչել աշխարհը, ունենալ ընկերներ, ստանալ գիտելիք, սովորել արհեստ կամ զբաղվել արվեստով ու գիտությամբ: Մենք պետք է այդպիսի հնարավորություն ընձեռենք հավասարապես բոլոր երեխաներին՝ միևնույն ժամանակ նրանց մեջ ամրապնդելով այն միտքը, որ արդյունքի հնարավոր է հասնել գիտելիքի, արժանապատվության, ազատության և պատասխանատվության ներդաշնակությամբ:
Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, գնահատե'ք ձեր ժամանակը, ձեզ ընձեռված հնարավորությունը, ձեր ուսուցիչների ու դասախոսների ջանքերը, բազմապատկե՛ք ձեր գիտելիքները, զարգացրե՛ք ձեր միտքը, հոգին ու մարմինը, եղե՛ք ձեր ծնողների, ձեր ընտանիքի ու հայրենիքի արժանի զավակները:
Մաղթում եմ, որ բոլորիդ կյանքում դպրոցն ու բուհը լինեն ոչ միայն այն վայրը, որտեղ հանդիպում են գիտելիք ստացողն ու այն փոխանցողը, այլև անկեղծ բարեկամության և ընկերության, ինքնաբացահայտման և ինքնադրսևորման վայր:
Առողջություն, հաջողություն և ամենայն բարիք ձեզ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան