Ցանկալի է՝ ռազմական բժիշկներ կրթելու անհրաժեշտություն չծագի. Բաբլոյան
«Աշխարհագրական առումով Իրաքը Հայաստանին ամենամոտ արաբական երկիրն է, և մեծ է հայ գործարարների հետաքրքրությունը Իրաքի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցում: Մենք պատրաստ ենք քննարկել տարբեր ոլորտներին առնչվող ներդրումային ծրագրեր և փոխադարձաբար բարենպաստ պայմաններ ստեղծել երկու երկրների գործարարների համար»,- այս մասին ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն՝ այսօր ընդունելով Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդուլ Ռազզաք ալ Եսսայի գլխավորած պատվիրակության անդամներին:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արա Բաբլոյանը նշել է, որ պատրաստ է աջակցել հայ-իրաքյան համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության և իր բարեմաղթանքներն է հղել Իրաքի խորհրդարանի նախագահին և իրաքցի ժողովրդին:
Աբդուլ Ռազզաք ալ Եսսան Արա Բաբլոյանին ներկայացրել Իրաքի վերականգնման գործընթացը, Իրաքի և Հայաստանի բուհերի ընդհանրություններն ու տարբերությունները: Նախարարը Հայաստանից ստացած իր տպավորություններն է կիսել ՀՀ ԱԺ նախագահի հետ՝ հույս հայտնելով, որ հետագայում իրաքցի ուսանողները հնարավորություն և ցանկություն կունենան Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու:
Աբդուլ Ռազզաք ալ Եսսան նշել է իրենց հետաքրքրությունը հատկապես Հայաստանում ամերիկյան համալսարանի, բուհերում միջուկային ֆիզիկայի և ռազմական բժշկության ֆակուլտետների հետ կապված: Նախարարը կարևորել է միջխորհրդարանական համագործակցության դերը և հույս հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների կրթության և գիտության հարցերով զբաղվող հանձնաժողովներն այսուհետ կհամագործակցեն:
Արա Բաբլոյանը նշել է՝ ցանկալի է, որ աշխարհի բոլոր ժողովուրդներն ապրեն խաղաղության մեջ, և ռազմական բժիշկներ կրթելու անհրաժեշտություն չծագի:
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում երեք իրաքցի ուսանողի կեցությունը, որին ի պատասխան իրաքցի նախարարը խոստացել է կրթաթոշակ տալ հինգ հայ ուսանողի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին