Ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությանը կմասնակցի հինգ հունահռոմեական ըմբիշ
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը: Ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ թիմն օգոստոսի 20-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Մարզիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ տարվա գլխավոր ստուգատեսին մասնակցելու են այն ըմբիշները, որոնք լավ են հանդես եկել Եվրոպայի առաջնությունում և միջազգային մրցաշարերում:
Թիմի կազմում ընդգրկվել է հինգ մարզիկ՝ Հայկ Ասատրյանը (50 կգ քաշային կարգ), Շանթ Խաչատրյանը (63 կգ), Սարգիս Թադևոսյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը (76 կգ), Տիգրան Համբարձումյանը (85 կգ):
«Մեր տարիքային խմբում Եվրոպայի և աշխարհի առաջնություններն անցկացվում են կարճատև ընմիջումով: Այդ պատճառով, շատ դեպքերում, մարզիկները չեն կարողանում լիարժեք վերականգնվել և ազատվել ավելորդ քաշից: Մենք թիմում ընդգրկել ենք լավագույններին, որոնք հաջող են հանդես եկել և լավ արդյունք են գրանցել այս տարվա միջազգային մրցումներում:
Կարող եմ ասել, որ մեր ըմբիշները լավ մարզավիճակում են, մնացածը ցույց կտա գորգը: Ավելի մեծ ակնկալիքներ ունենք Հայկ Ասատրյանից, Շանթ Խաչատրյանից և Սարգիս Թադևոսյանից: Նրանք ավելի փորձառու են, Եվրոպայի առաջնությունում դարձել են մեդալակիրներ: Բայց մյուս երկու ըմբիշներն էլ լավ հնարավորություններ ունեն»,- ասել է Գագիկ Խաչատրյանը:
Պատանեկան աշխարհի առաջնությունը կկայանա Աթենքում, սեպտեմբերի 4-10-ը: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 3-ին:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի Եվրոպայի առաջնության մրցակարգով՝ երկու օր կշեռքով. առաջին օրը՝ մաքուր քաշ, երկրորդ օրը, ովքեր կպայքարեն մեդալների համար՝ երկու կիլոգրամ ավելի լինելու իրավունքով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան