Գյուղական դպրոցները մեր երկրի ամրությունն են. ԿԳ նախարար
«Փոքր գյուղական դպրոցները, որի լավագույն մոդելը Ծաղկունքի բաց դպրոցն է, մեր երկրի ամրությունն են, որովհետև այստեղ կրթվում և ձևավորվում են մեր քաղաքացիները»,- այս մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը սեպտեմբերի 1-ի առիթով Գաղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի բաց դպրոց կատարած այցի ժամանակ։
«Ծաղկունքի դպրոցը հաջողված օրինակ է. այն իր վրա է վերցրել ոչ միայն կրթության կազմակերպման գործառույթը, այլ նաև համայնքում մշակութային միջավայր է ձևավորում: Դուք, սիրելի երեխաներ, դպրոցում ստեղծված միջավայրի հետ առնչվելով, նոր մշակույթ եք տանում ձեր ընտանիքներ: Սա այն դեպքն է, երբ դպրոցն ու կրթական միջավայրը փոխում են ընդհանուր տրամադրությունը. գյուղն ու գյուղի բնակիչը այս դպրոցում առնչվում են իրենց կյանքում բացակայող բազմաթիվ կարևոր համակարգերի հետ՝ արվեստ, գեղարվեստական կրթություն»,-ԿԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշել է նախարարը:
Նա անդրադառնալով գյուղական փոքր դպրոցների զարգացման հեռանկարին՝ նշել է, որ Ծաղկունքի դպրոցը կարող է դիտվել որպես օրինակելի փորձ, երբ պետության, բարերարի և համայնքի ջանքերի միավորումը տվել է հաջողված արդյունք:
«Փոքր գյուղական դպրոցների ապագան հենց այսպիսի դպրոցների վերածվելն է: Երբ աշակերտների թիվը 100-ի էլ չի հասնում, դպրոցի պահպանումը դառնում է տնտեսապես բարդ գործ: Այդ պատճառով մենք պետք է փորձենք դպրոցները դիտարկել ավելի բազմաֆունկցիոնալ կենտրոններ, որտեղ կարող են կրթությանը զուգահեռ իրականացվել նաև գեղարվեստական կրթություն, հոգևոր մշակութային կյանք կազմակերպել՝ գրադարան, ակումբ և այլն: Մենք պետք է փորձենք այս կարգի դպրոցների թիվը հանրապետությունում ավելացնել»,- ընդգծել է Լ. Մկրտչյանը։
Նախարարին դպրոցում ներկայացվել է բաց դպրոցի մոդելը. Ծաղկունքի դպրոցն ունի 124 աշակերտ, որոնցից 20-ը, ինչպես նշել է դպրոցի տնօրեն Ա. Հովհաննիսյանը, գերազանցիկներ են: 2016-17 ուսումնական տարվա 11 շրջանավարտներից 8-ը ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր դպրոց է գնում շուրջ 40 հազար առաջին դասարանցի
- «Շատ հպարտ եմ, որ այս դպրոցի շրջանավարտ եմ». Արա Բաբլոյան
- Որակյալ կրթությունը մեր պետության ու հասարակության կարևորագույն առաջնահերթություններից է. ԱԺ նախագահ
- Կարեն Կարապետյան. Անելու ենք հնարավորը, որ ուսուցիչը Հայաստանում լինի մաքսիմալ պաշտպանված և գնահատված
- Սեպտեմբերի 1-ից մեր ողջ երկիրը սկսում է ապրել նոր՝ առանձնահատուկ ռիթմով ու տեմպով. Սերժ Սարգսյան
- «Վստահ եմ` նոր ուսումնական տարին կլինի բեկումնային». ԿԳ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան