Հուրգադայում վիրավորում ստացած կինը կտեղափոխվի Երևան
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանից հետաքրքրվել է հուլիսի 14-ին Հուրգադայում տեղի ունեցած դեպքի հետևանքով վիրավորում ստացած հայ զբոսաշրջիկի առողջական վիճակով։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանը տեղեկացրել է, որ տուժածն ապաքինվում է, և եգիպտացի մասնագետներն արդեն հնարավոր են համարում առաջիկա օրերին նրա տեղափոխումը Հայաստան։
Աղբյուրը տեղեկացնում է, որ հիվանդը բուժման ընթացքում գտնվել է Եգիպտոսում ՀՀ դեսպանության մշտական ուշադրության և հոգացության կենտրոնում։ Լևոն Ալթունյանը խնդրել է, որ տուժած հայ զբոսաշրջիկի վերադարձի չվերթի մասին նախարարությանը նախապես տեղեկացվի նրան օդանավակայանից բժշկական կազմակերպություն տեղափոխելու համար։
Նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին Լևոն Ալթունյանը հանձնարարականներ է տվել տուժածի հայրենիք տեղափոխվելուց հետո կազմակերպել մասնագետների կոնսիլիում, գնահատել նրա առողջական վիճակը և զեկուցել հետագա բուժման ընթացքի մասին։
ԱՆ-ից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից առաջին ազդանշանն ստանալուց հետո օգոստոսի 3-ին Եգիպտոս էր գործուղվել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը` տուժածի վիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Հայ վիրաբույժը եգիպտացի մասնագետների հետ իրականացրել էր երեք կոնսիլիում։ Քննարկելով տուժածի վիճակը` նշանակվել էր լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքներով կատարվել են կոնսերվատիվ բուժման լրացումներ։ Դեռ պրոֆեսորի Կահիրեում գտնվելու ժամանակ հիվանդի մոտ նկատվել է վիճակի դրական դինամիկա։ Օգոստոսի 9-ին, վիճակի բարելավումով, նրան ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխել էին հիվանդասենյակ։
Հարակից հրապարակումներ`
- Հուրգադայում վիրավորում ստացած հայ կնոջ վիճակը բարելավվել է
- Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակված տղամարդուն կտեղափոխեն հոգեբուժական կլինիկա
- Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացու ապաքինմանն աջակցելու նպատակով բժիշկ է գործուղվել. Բալայան
- Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկներից մեկը վաղը կվերադառնա Հայաստան
- Bild. Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակված անձը գործել է ԻՊ-ի հրահանգով
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին