Առաջին անգամ Հայաստանում անցկացվում է Բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես «ArmSecurity-2017»
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ, Երևանում առաջին անգամ կազմակերպել է «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես՝ «Անվտանգ Հայաստան» խորագրով: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել բարձր տեխնոլոգիական, նորարարական լուծումներ, որոնք նպաստում են ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը, հասարակական և քաղաքացիական անվտանգության հետ կապված խնդիրների լուծմանը, ինչպես նաև՝ հայկական և արտասահմանյան ձեռնարկությունների միջև գործնական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, աշխարհի շուրջ 20 երկրի պաշտոնական պատվիրակություններ:
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, 2015 թվականին Հայաստանը միացել է աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրին, որը սահմանում է աղետների ռիսկի նվազեցման բնագավառում պետությունների կողմից անհրաժեշտ ոլորտային և միջոլորտային նպատակաուղղված գործողություններ՝ տեղական, ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում:
Նրա խոսքերով՝ աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրում սահմանել են նպատակներ և խնդիրներ, որոնք արտացոլված են կառավարության ծրագրում:
«Ակնկալում ենք, որ ցուցահանդեսը կնպաստի աղետների ռիսկի նվազեցմանն ու տեխնիկական վերազինմանը, ինչը կբերի փրկարարների մասնագիտական պատրաստվածության կատարելագործմանը և փրկարար ստորաբաժանումների արդյունավետության բարձրացմանը»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Նախարարը նշեց, որ ներկայացված են ժամանակակից ու նորարարական բարձր տեխնոլոգիական փրկարարական տեխնիկա, փրկարար ծառայությունների անխափան աշխատանքին միտված նորագույն մշակումներ: «Ուրախալի է, որ կազմակերպիչների ջանքերը պսակվել են հաջողությամբ և ստեղծվել է արդյունավետ համակագործակցության հարթակ»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը:
Նախարարները շրջելով տաղավարներով ՝ ծանոթացան աղետների ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների չեզոքացման, փրկարարական գործողությունների իրականացման, արտակարգ իրավիճակների մոնիթորինգի համար նախատեսված նորարարական բարձր տեխնոլոգիական միջոցներին ու սարքավորումներին:
Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանում առաջին անգամ է նման ցուցահանդես կազմակերպվում և հատկապես այս օրերին շատը կարևոր է նման տեխնիկայի ցուցադրությունը: «Ես շրջում եմ բոլոր տաղավարներով, ծանոթանում ներկայացված տեխնիկայի հետ, որպեսզի որոշումներ կայացնելու ժամանակ ճիշտ կողմնորոշվենք, թե ինչ համակարգեր են մեզ անհրաժեշտ», - ասաց նախարարը:
Դավիթ Տոնոյանի խոսքերով՝ իր ցանկությունն է, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու փրկարար ծառայությունը 21-րդ դարի հագեցվածության ու պատրաստվածության աստիճանի հասնի. «Դա է իմ նպատակը»:
ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տաղավարում ներկայացված էր փոքրիկների համար ստեղծված ուսուցողական նկարազարդ գրքեր, խաղեր և տիկնիկ՝ փոքրիկ փրկարար Դավիթիկը: Տիկնիկը պատմում է, թե արտակարգ իրավիճակների դեպքում ինչ անել, ինչպես պաշտպանվել:
4-րդ կուրսի ուսանող Արտակ Գևորգյանը Panorama.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ տիկնիկը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների և տարրական դպրոցի աշակերտների աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) կրթության համար: «Նպատակն է երեխաներին նախապատրաստել տարաբնույթ վտանգավոր իրավիճակներից դուրս գալուն: Նախադպրոցական տարիքից սկսած երեխաներին պետք է սովորեցնել նման իրավիճակներում կիրառվող վարքի կանոններն ու հմտությունները»,- ասաց Արտակ Գևորգյանը:
Նշենք, որ միջոցառման շրջանակներում կանցկացվեն երկօրյա գիտաժողովներ` նվիրված արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման, հրդեհային անվտանգության ապահովման, աղետների մարտահրավերների դեմ պատրաստվածության թեմաներին:
Նախատեսված են նաև քննարկումներ ՀՀ ԱԻ նախարարության ու կիբերանվտանգության ոլորտի ներկայացուցիչների, ապահովագրական ընկերությունների և արտադրական վտանգավոր օբյեկտների միջև` նվիրված արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների արդյունավետ պաշտպանության համակարգի ստեղծման խնդիրներին, առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրության անհրաժեշտությանը և այլ թեմաների:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում