Երևանում Ստամբուլի Սրբոց Վարդանանց եկեղեցու երգչախումբը համերգ է ունեցել
Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Ստամբուլի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է Ստամբուլի Սրբոց Վարդանանց եկեղեցու երգչախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյակին: Երգչախմբի խմբավարն է Ատրուշան Հալաջյանը:
Համերգին ներկա էին մաեստրո Հովհաննես Չեքիջյանը և կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը :
Հնչել են հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ողջույնի խոսքով հանդես է եկել երգչախմբի նախագահ Թաթուլ վարդապետ Անուշյանը:
«Դուք այսօր ոչ միայն պիտի ունկնդրեք այս երգչախմբի համերգը, այլև պիտի ականատեսը լինեք մի ոգեղեն դպրաց դասի: Այդ դասերը Ստամբուլում եղել են մարդակերտումի, եկեղեցական և երաժշտական կյանքի զարգացման դասեր, կամուրջներ մշակույթների միջև: Մենք երգում ենք հայ երգը, որ գալիս է հայի արմատներից: Մշակույթների միջև կենդանի կամուրջ է դարձել նաև մեծանուն Հովհաննես Չեքիջյանը: Նա մեզ ուժ և կորով է պարգևում: Մենք աշխարհի մի անկյունում՝ մայրենի հողից հեռու, հայ երգն ենք երգում: Պատգամ ունենք վառ պահել հայ երգը»,-նշել է Թաթուլ վարդապետ Անուշյանը:
Ընթերցվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի օրհնության խոսքը:
Համերգի ավարտին Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը Ստամբուլի Սրբոց Վարդանանց եկեղեցու երգչախմբի դաշնակահարուհի Լուսի Գահվերճիօղլյանին Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության և իր գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում զգալի ներդրման համար պարգևատրել է Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով: Սբ. Վարդանաց դպրաց դաս երգչախումբին շնորհվել է ՍՆ երախտագիտության մեդալ:
Խմբավար Ատրուշան Հալաճյանը պարգևատրվել է ՀՀ ՍՆ շնորհակալագրով, մենակատարներ Անեթ Մեհթերյանը, Ալիս Շահինօղլունը, Հովսեփ Գույումճյանը, Գրիգոր Թերզիյանը՝ պատվոգրերով: