Բախշյանը մանկապարտեզներում երեխաների հերթագրման և ընդունելության գործընթացում անօրինականություններ է նկատել
«Երևանում նախադպրոցական կրթության կազմակերպման գործընթացում առկա որոշ անօրինական քայլեր կան»: Այդպես է համարում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անհաիտ Բախշյանը:
Նա տարածել է հայտարարություն, որտեղ մեջբերում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի դրույթները, ընդգծում, որ իրավասու մարմնի որոշումների վերանայման անհրաժեշտություն կա:
Անահիտ Բախշյանն ընդգծում է, ՀՀ-ում ԱԺ-ի կողմից ընդունված այս օրենքն ասում է, որ նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունք, որ ՀՀ-ում նախադպրոցական տարիքը սահմանված է 0-6 տարեկան, որ այդ կրթությունը կազմակերպելը Երևանի համայնքի պարտավորությունն է, որ այդ երեխաների հաշվառումը, այսինքն՝ ըստ տարիքի հերթագրումը, նույնպես քաղաքապետարանի աշխատակազմի պարտավորությունն է ու քաղաքապետարանի աշխատակազմն իրավունք չունի օրենքով իր վրա դրված լիազորությունները կամայականորեն շրջանցել կամ չիրականացնել:
«Ավելին, վերոնշյալ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, ծնողն է որոշում, թե իր երեխան նախադպրոցական կրթությունը ստանա ընտանիքում, մանկապարտեզում թե այդ նպատակի համար նախատեսված այլ հաստատություններում, որը նշանակում է, որ ծնողն է որոշում ե՞րբ հերթագրել երեխային, իհարկե համայնքի ստեղծած հնարավորությունների սահմաններում: Ո՛չ մի տեղ չի գրված, որ երեխան մանկապարտեզ է գնում միայն ծնողի աշխատելու դեպքում, որի պահանջը հաճախ դառնում է երեխային մանկապարտեզ չընդունելու պատրվակ կամ մանկապարտեզում օրենքով սահմանված չէ ուսումնական տարվա սկիզբ ու ավարտ»,-նշված է հայտարարության մեջ:
Նա հավելում է, որ նույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է. «Իրենց լիազորությունների սահմաններում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած իրավական ակտերը ենթակա են պարտադիր կատարման նախադպրոցական կրթության կառավարման ոլորտի լիազորություններ ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից»:
Երևանի ավագանու անդամը տեղեկացնում է, որ Երևանի մանկապարտեզներում երեխաների հաշվառման, հերթագրման և ընդունելության գործընթացում առկա անհիմն որոշումների վերանայման և օպտիմալացված դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված խնդիրների քննարկման առաջարկով դիմել է Երևանի ավագանու Կրթության, մշակույթի, սոցիալական, տուրիզմի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանին, այս հարցերը քննարկելու նպատակով հրավիրել հանձնաժողովի նիստ, որին Երևանի Ավագանու կանոնակարգի 78-րդ կետի համաձայն, կհրավիրվեն քննարկվող հարցերին առնչվող փոխքաղաքապետ պարոն Սուքիասյանն ու քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարան. Մանկապարտեզներում ընդունելության դադարեցում չկա
- Հայաստանում մանկապարտեզներ հաճախում է նախադպրոցական տարիքի երեխաների միայն 57 տոկոսը. Անահիտ Բախշյան
- Երևանում մանակապարտեզ գնալու իր հերթին սպասում է 3 տարեկանից բարձր 1800 երեխա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին