Կոնվերս Բանկն ավարտել է թողարկած կորպորատիվ դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը՝ սահմանված ժամկետում, ամբողջությամբ տեղաբաշխել է անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերը: Բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 3-ից սկսված գործընթացի արդյունքում տեղաբաշխվել է 1 մլրդ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմս:
Տեղաբաշխված մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100.000 դրամ է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 10.5 տոկոս է, իսկ արդյունավետ տոկոսադրույքը՝ 10.78 տոկոս:
Սա այս տարի Կոնվերս Բանկի կողմից պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումն է: Ավելի վաղ՝ մայիսին, Բանկը հաջողությամբ տեղաբաշխել էր դոլարային պարտատոմսերի առաջին տրանշը՝ ընդհանուր $6 մլն անվանական արժեքով 60 հազ. հատ արժեկտրոնային պարտատոմս:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքը վկայում է Բանկի պարտքային արժեթղթերի նկատմամբ շուկայում առկա մեծ հետաքրքրության մասին: Արձագանքելով ձևավորված պահանջարկին՝ Բանկը մտադիր է շարունակել թե դրամային, թե դոլարային պարտատոմսերի թողարկումը՝ մշտական մասնակցություն ապահովելով պարտատոմսերի շուկայում
Տեղաբաշխմանը կհետևի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» կորպորատիվ պարտատոմսերի բորսայական հարթակում արժեթղթերի համար երկրորդային շուկա ապահովելու նպատակով:
Կոնվերս Բանկ ՓԲԸ բաժնետերերն են «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն (80,94տոկոս), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս):
Բանկը մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին`վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն:
2017թ. հուլիսի 1-ի դրությամբ, Բանկի ակտիվները 217,338,330 հազար դրամ են, պարտավորությունները՝ 183,270,439 հազար դրամ և ընդհանուր կապիտալը 34,067,891 հազար դրամ է: