Մարուքյան. Չի կարելի բոլոր ձվերը մի զամբյուղի մեջ դնել
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելը համարում է ինքնաքննադատության արդյունք:
«Կարծում եմ, որ հայկական կողմը տեսնելով, որ միջազգային սրված իրավիճակ է Արևմուտքի ու Ռուսաստանի Դաշնության միջև, ետ է քաշվել իր մասնակցությունից»,-ասաց Է. Մարուքյանը:
Նրա խոսքով, եթե հայկական կողմը նման մտադրություն ուներ, ապա դրա մասին ավելի վաղ պետք է տեղեկացներ, գործընկերների համար լիներ կանխատեսելի, և ոչ թե հրաժարվեր այն պահին, երբ լոգոտիպի վրա արդեն հայկական դրոշ կա:
Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վրա որոշման հնարավոր հետևանքների մասին, Մարուքյանը նշեց, որ այդպիսով Հայաստանը ևս մեկ անգամ արձանագրում է իր արտաքին քաղաքական գործողություններում ինքնուրույն չէ:
«Ես չեմ բացառում, որ հնարավոր է զանգեր են եղել, օֆ դը ռեքորդ դժգոհություններ, բայց ավելի շուտ ենթադրում եմ, որ ինքնաքննադատության արդյունք է, երբ ինքդ քեզ ստուգման ես ենթարկում սահմանափակումներ անում, ներքին վախերով առաջնորդվում»,-կարծիք հայտնեց պատգամավորը:
Մարուքյանն ընդգծում է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, որին չպետք է հետաքրքրեն այլ երկրների միջև հարաբերությունների սրացումը:
«Մենք գործընկերային հարաբերություններ պետք է կառուցենք բոլորի հետ, ոչ թե մեր ունեցած բոլոր ձվերը դնենք մի զամբյուղի մեջ, որ զամբյուղը վայր ընկնի, բոլոր ձվերը կոտրվեն: Այս իրավիճակում ես կարծում եմ, ճիշտ էր մասնակցելը զորավարժությանը: Որևէ վախ չպետք է ունենան մեր գործընկերները՝ հաշվի առնելով, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք: Նման պահվածը խոսում է այն մասին, որ մենք կանխատեսելի գործընկեր չենք ու սուվերեն չենք մեր որոշումներում»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանության փոխնախարար. Մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելն արտառոց չպետք է դիտարկել
- ՊՆ խոսնակը չի մեկնաբանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան