Միջազգային հանրությանն ուղղված հայկական կողմի կոչերը մեծամասամբ մնացել են անպատասխան. պաշտպանության փոխնախարար
Ադրբեջանը շարունակում է սպառազինման քաղաքականությունը՝ ընդլայնելով ձեռք բերվող սպառազինության շուկաներն ու տեսականին: «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը՝ հանդես գալով «Ռազմական իրավիճակը, սահմանային բախումներն ու դրանց կանխարգելման միջոցառումները, հայկական ռազմական ներուժի զարգացման արդի ռազմավարությունը» թեմայով զեկույցով:
Նրա խոսքով, Ադրբեջանի այդ քայլը վկայում է, որ ծախսելով հսկայական միջոցներ սպառազինության վրա, նպատակ ունի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։
«Սկսած 2013 թվականից՝ Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը շփման գծում, Հայաստանի հետ պետական սահմանին: Այս խնդրին արձագանքելու վերաբերյալ միջազգային հանրությանը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին ուղղված հայկական կողմի կոչերը մեծամասամբ մնացել են անպատասխան»,- նշեց փոխնախարարը:
Ա. Զաքարյանի խոսքով, ղարաբաղյան հիմնախնդիրն ունի բավականին երկար պատմություն, 1994 թվականին կնքված հրադադարից հետո ադրբեջանական կողմը հետևողական վարել է ագրեսիվ քաղաքականություն՝ հետապնդելով մեկ նպատակ՝ վերադարձնել հսկողությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ:
«2016 թվականի ապրիլին սանձազերծած ռազմական գործողություններն աննախադեպ էին ոչ միայն 1994 թվականի զինադադարից ի վեր, ընդհանրապես, ղարաբաղյան առաջին պատերազմի համեմատ ի թիվս հանգամանքների. հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսին են շփման գծի ողջ երկայնքով կրակի խտությունը, կիրառվող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակները, ներգրավված ուժերի և միջոցների քանակը: Այս իրականությունում Հայաստանը որդեգրել է առաջնագծում հակառակորդի նախահարձակ ակտիվության սաստման և լայնածավալ ռազմական գործողությունների զսպման երկճյուղ միջոցառումներ»,- ասաց պաշտպանության փոխնախարարը:
Նրա խոսքով, բանակցային գործընթացում լուրջ ճեղքում չլինելու դեպքում պետք է համակերպվել այն մտքի հետ, որ առաջնագծում բախումները, դրանց պարբերական էսկալյացիաները կրելու են շարունակական բնույթ:
«Այս սպառնալիքին դիմագրավելու համար մենք որդեգրել ենք առաջնագծում իրականացվող մարտական հերթապահության պահպանության, պաշտպանության իրականացման միջոցառումներ, հակառակորդի նախահարաձակ ակտիվությունը մարտավարական և օպերատիվ մակարդակում սաստելու նպատակով: Հատկապես ուշադրություն է դարձվում տեղեկատվության հավաքման, դիտարկման, հետախուզության, կրակային խոցման, ինժեներական միջոցներով առաջնագծի համալրմանը, այդ միջոցների համալիր օգտագործմանը: Այս աշխատանքներն նպատակաուղղված են հակառակորդի հարձակման նախապատրաստման ժամանակին հայտնաբերմանը, առաջնագծի և օդային տարածքի խախտումների արդյունավետ կանխմանը, հակառակորդին անհրաժեշտության դեպքում անհամաչափ վնաս պատճառելուն, զորքերի պլանային ձևով պահպանությունից պաշտպանության անցնելու ապահովմանը»,- նշեց Ա. Զաքարյանը:
Փոխնախարարի ներկայացմամբ, մյուս ուղղությունը ենթադրում է ձևավորել լայնածավալ ռազմական գործողությունների զսպման ներուժ՝ պատշաճ հեռահարությամբ ճշգրիտ հարվածներ հասցնելու և մարտական գործողություններն ապակենտրոնացված ու տարատեղված կերպով հակառակորդի տարածք տեղափոխելու կարողությունների համակցմամբ, որոնք գործի կդրվեն ինչպես արձագանքող, այնպես էլ ըստ անհրաժեշտության կանխարգելող եղանակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան