Արցախում ռազմական արդյունաբերությունը բավականին զարգացել է. գնդապետ Վիկտոր Առուստամյան
Եթե մինչև ապրիլյան գործողությունների սկիզբը սահմանային ինժեներական կահավորվածությունը գրեթե 30 տոկոս էր, ներկա դրությամբ հասցվում է կատարյալ վիճակի: Լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը, ով Երևանում մասնակցում էր «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին:
«Առաջին դիրքի խորությամբ հասցված են 100 տոկոսի»,- նշեց նա՝ հավելելով, որ աշխատանքները շարունակվում են:
Վ. Առուստամյանի ներկայացմամբ, զինատեսակների հարցում բավականին լուրջ առաջընթաց ունեն:
«Արցախի Հանրապետության կառավարության և նախագահի կողմից արտաբյուջեի գումարներով տեղում՝ Արցախում, ռազմական արդյունաբերությունը բավականին զարգացել է»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ չի կարող հրապարակել, թե ինչ զենքի տեսակներ ունեն, բայց բավականին լուրջ զենքի տեսակներ են, որոնք արտադրվում են տեղում: Նրա խոսքով, այս ուղղությամբ աշխատանքները վաղուց էին ընթանում, նմուշները նոր են ստացվել:
Խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին՝ Վ. Առուստամյանն ասաց, որ ներկա դրությամբ փոխհրաձգություններ են ընթանում հրաձգային զենքից, հիմնականում դիպուկահարներ են աշխատում հակառակորդի կողմից, ինչի հետևանքով, ցավոք, հայկական կողմը կորուստներ է ունենում։
«Դրանով է փորձում ներկա դրությամբ լարվածությունն աճեցնել»,- ասաց պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետը: