Ստեղծման օրից ԱԻՆ-ը մեծ առաջընթաց է ապրել. Աստվածատուր Պետրոսյան
Այսօր՝ ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրը , ԱԻՆ-ում տեղի ունեցավ տոնական շքերթ, որին ներկա էին ՀՀ նախագահը, կառավարության անդամներ, արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրեր։
Տոնական միջոցառման շրջանակում պարգևներ հանձնվեցին բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ԱԻՆ աշխատակիցներին։ Հանդիսավորությամբ բացվեց նախարարության 3-րդ՝ հիմնովին վերանորոգված մասնաշենքը, որտեղ տեղակայված են ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։
Տեղի ունեցավ նաև ԱԻՆ տարածքում տեղադրված նոր խաչքար-հուշարձանի օծման արարողությունը։ Հուշարձանը նվիրված է մարտական գործողությունների ժամանակ զոհված փրկարարներին։
Տոնական միջոցառումները եզրափակվեցին հադիսավոր շքերթով։
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, հետադարձ հայացք նետելով՝ կարող է արձանագրել, որ ԱԻՆ որքան մեծ առաջընթաց է ապրել՝ սկսած համազգեստից, վերջացրած տեխնիկական հագեցվածությամբ։
«ԱԻՆ-ը, ինչպես ասում են, գլուխ պահելու տեղ չէ, և յուրաքանչյուրը որակավորում է անցնում։ Բոլոր տղաները ֆիզիկական, մտավոր լուրջ կարողություններով են օժտված։ Չնայած սրան՝ մենք ձգտում ենք ավելի կատարելագործվել, քանի որ ընդարձակվելու տեղ ունենք»,- ասաց մեր զրուցակիցը։
ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետի տեղակալ, փոխգնդապետ Գևորգ Խաչատրյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՄԱԿ-ի կողմից իրենց շնորհված որակավորումը փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորություն է ընձեռում։
Հարցին՝ ինչ է պետք լավ փրկարար լինելու համար, Գևորգ Խաչատրյանը պատասխանեց՝ նախ՝ լավ մարդ, այնուհետև պատրաստակամ ու մարդասեր անհատականություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան