Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Չինաստան
Այսօր առավոտյան պաշտպանական գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հյուրընկալվել է «Պոլի գրուպ» ընկերությունում։
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պաշտպանական, էներգետիկ և հանքարդյունաբերության, անշարժ գույքի և մշակույթի ոլորտներում մասնագիտացած ընկերությունը խոշորագույններից մեկն է Չինաստանում, իսկ մի շարք ուղղություններում նաև առաջատարը։ Վերջին տարիներին ընկերությունը հսկայական առաջընթաց է գրանցել նաև ռազմարդյունաբերության ոլորտում՝ սպառազինության համաշխարհային շուկա ներմուծելով տարբեր զինատեսակներ, որոնք հաջողությամբ մրցակցում են ավանդաբար այդ շուկայում առաջնային դիրքեր զբաղեցնող երկրների համանման արտադրանքի հետ։
Ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով երկու ժողովուրդների ավանդական և բարեկամական հարաբերությունները, պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ քննարկումները՝ պաշտպանական ոլորտում փոխշահավետ համագործակցության հեռանկարների և հնարավորությունների շուրջ։
Բանակցությունների ավարտին Վիգեն Սարգսյանը շրջայց է կատարել ընկերության թանգարանում, որտեղ ներկայացված են չինական մշակույթի հնագույն և արժեքավոր ցուցանմուշներ։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր