Եկել եմ այստեղ, որ ես մեղադրեմ. Անդրիաս Ղուկասյան
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը: Դատական նիստին ներկա չեն տուժողներն ու վկաները:
Նախքան դատական նիստի մեկնարկը պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, Ա. Ղուկասյանն ասաց. «Պետք է լինի հանցակազմ, որպեսզի որևէ մեկին առաջադրեն մեղադրանք: Մեղադրական եզրակացության մեջ հանցակազմը բացակայում է: Ես եկել եմ այստեղ, որ ես մեղադրեմ, ոչ թե առարկեմ ինձ ներկայացված մեղադրանքի դեմ, որպեսզի մեր հանրությունը հասկանա և հուլիսյան իրադարձությունների պատճառները, և գլխավոր պատասխանատուներին, մեղավորներին, ով է պատասխանատու այս ամենի համար»:
Նիստի ժամանակ Անդրիաս Ղուկասյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Պետրոս Պետրոսյանին:
«Դատախազը Պետրոսյանն օգտագործել է իր պաշտոնական դիրքը, որպեսզի զրկի ինձ և պաշտպանությանը հավասար մրցակցելու հնարավորություններից, ամեն ինչ կատարել է, որ մեր կողմից ներկայացված գործողությունները լինեն ապարդյուն, պաշտպանության իրավունքը, փաստացիորեն, անհասանելի է դարձել մեզ՝ դրանով խախտվել են Քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները»,- հայտարարեց ամբաստանյալ Ղուկասյանը:
Ա. Ղուկասյանի միջնորդությանը միացան նրա շահերի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը:
«Ուզում ենք դատարանի համար պարզ լինի, թե ինչու ենք բացարկ հայտնում պարոն Պետրոսյանին: Հնարավոր է գերծանրաբեռնված է եղել, որովհետև նախաքննության փուլում նա դատավարական ղեկավարում է իրականացրել երևի 100 հոգու վերաբերյալ իրականացվող նախաքննություններով: Հնարավոր է՝ ի վիճակի չի եղել պատշաճ իրականացնի: Պաշտպանական կողմն այլ կարծիք ունի. նա ուղղակի քաղաքական պատվեր է կատարել, հնարավոր է նույնիսկ չի էլ կարդացել այդ միջնորդությունները, բողոքները, որովհետև եթե ծանոթանար, կտեսներ, որ պաշտպանական կողմը մանրամասն վերարտադրել է այդ տեսանյութերը: Չէ որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանքներ են առաջադրվում, թե նա որոշակի գործողություններ է կատարել: Այդ գործողությունները նկարահանված են տարբեր ընկերությունների կողմից: Եթե դատախազը ծանոթանար դրանց, կտեսներ, որ սա դատարան բերելու գործ չէ: Ուստի մենք գտնում ենք, որ մեր կողմից ներկայացված միջնորդությունը հիմնավոր է, խնդրում ենք բավարարել»,- ասաց Ի. Պետրոսյանը:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ միջնորդության հիմքը փաստարկված չէ:
Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա` զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կազմակերպված խմբի կողմից զավթված շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ, վերցված պատանդներ պահելու և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու փորձի համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Հարակից հրապարակումներ`
- Անդրիաս Ղուկասյանի քրեական գործն ուղարկվել է դատարան
- ՀՔԾ. Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
- Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
- Հայտարարություն. Անդրիաս Ղուկասյանին ներկայացված մեղադրանքները շինծու են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան