Բաքուն Հոգլանդի հայտարարության մեջ նորություններ է տեսնում
Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Տոֆիկ Զուլֆուգարովը մեղադրել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային ԼՂ հակամարտության հարցում պրոհայկական դիրքորոշում ունենալու համար: Հաղորդում է «EaDaily.com»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, մեղադրանքների համար առիթ են դարձել օրերս Զախարովայի կողմից արված այն մեկնաբանությունները, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հրապարակված ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներն իրենցից որևէ նորություն չեն ներկայացնում:
«Տարբեր մեկնաբանություններ եմ կարդում, և չեմ դադարում զարմանալ: Ինչպե՞ս թե նոր չեն: Վերջին ամիսներին չէ՞ին խոսում Լավրովի ծրագրի մասին՝ որպես ծրագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի միաժամանակ լուծման հետ հինգ շրջանների ազատագրում նախատեսող ծրագրի մասին: Իսկ Հոգլանդի հայտարարությունում դրանք յոթն են՝ առանց Լաչինի միջանցքի, ինչից հետո միայն սկսվում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի քննարկումը: Մեզ հիմարի տե՞ղ են դնում, որոնք չեն կարող մինչև յոթը հաշվել: Գուցե նախարար Է. Մամեդյարովը մեզ ճշմարտությունն ասի, թե ինչ առաջարկ է բանակցային սեղանին դրված, և ինչ է նա քննարկելու Է. Նալբանդյանի հետ Նյու Յորքում»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Տոֆիկ Զուլֆուգարովը:
Վերջինս այս համատեքստում քննադատել է Ադրբեջանի արտաքին գործերի գործող նախագահ Էլմար Մամեդյարովին՝ առաջարկելով պահանջել «բանակցային գործընթացը տապալած» Մամեդյարովի հրաժարականը.
«Վերադառնալով Մամեդյարովի լռությանը՝ ցանկանում եմ ասել, որ այս անգամ գրասենյակում փակված մնալ նրան չի հաջողվի: Ես չեմ բացառում, որ բանակցային գործընթացի վիճակի վերաբերյալ մտահոգ քաղաքացիներն իրենց սահմանադրական իրավունքների շրջանակում և իշխանությունների թույլտվությամբ ԱԳՆ-ի շենքի առաջ պիկետով կպահանջեն հաշվետվություն ներկայացնել արված աշխատանքի մասին»,- գրել է Զուլֆուգարովը: