Հաշմանդամության սայլակներն ու լսողական սարքերը կտրամադրվեն հավաստագրերի հիման վրա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն, իր նոր նախագծով առաջարկում է հաշմանդամի սայլակներ և լսողական սարքեր տրամադրել հավաստագրերի հիման վրա: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում:
Նախագծով առաջարկվում է 2017 թվականին հաշմանդամի սայլակի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը սահմանել 95 հազար դրամ, իսկ 30 տարեկան և ավելի բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց համար լսողական սարքի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը` 30 հազար դրամ:
Լսողության խնդիրներ ունեցող 12-18 տարեկան երեխաներին և 18-ից մինչև 29 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց համար լսողական սարքի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքն էլ կկազմի 80 հազար դրամ:
Ըստ նախագծի հիմնավորման՝ ներկայումս պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաները, այդ թվում հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի ձեռքբերման գործընթացն իրականացվում է գնումների մասին օրենսդրությանը համապատասխան: Դրա շրջանակներում, յուրաքանչյուր տարի նախապես մշակվում են սայլակի և լսողական սարքի տեխնիկական բնութագրերը, որոնց հիման վրա էլ կազմակերպվում են գնման ընթացակարգերը: Մրցույթի արդյունքում հաղթած կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պահանջների համաձայն (որի բաղկացուցիչ մասն են տեխնիկական բնութագրերը)` մատուցվում են համապատասխան ծառայությունները:
Չնայած նախարարությունը պարբերաբար վերանայում և հստակեցնում է տեխնիկական բնութագրերը, ընդլայնում պարագաների տեսականին, այնուամենայնիվ, դրանք ամբողջովին համարժեք չեն լինում հաշմանդամություն ունեցող անձի կարիքին՝ նրա առողջական, ֆունկցիոնալ, անհատական և այլ գործոններից ելնելով, որը հաճախ տեղիք է տալիս նրանց արդարացի դժգոհություններին: Արդյունքում, չնայած պետական բյուջեի միջոցներից յուրաքանչյուր տարի հատկացվում են մեծ գումարներ սայլակի և լսողական սարքի տրամադրման համար, այնուամենայնիվ, գործընթացի արդյունավետությունը մնում է ցածր:
Այս նախագծով առաջարկվում է հաշմանդամի սայլակը և լսողական սարքը տրամադրել հավաստագրերի հիման վրա՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համարժեք սայլակ կամ լսողական սարք:
Եթե անձը նախընտրում է ձեռք բերել սայլակ կամ լսողական սարք, որն ավելի թանկ արժե, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա նա իր միջոցներից կարող է վճարել գների միջև եղած տարբերությունը:
Եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան սայլակ կամ լսողական սարք, քան հավաստագրի գնային արժեքն է, նախագծով առաջարկվում է հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում նրան տրամադրել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ և այլն), որոնք օգտագործվում են պարագայի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունն կամ անձի հարմարավետությունն ապահովելու համար:
Միաժամանակ, հաշմանդամի սայլակի ձեռքբերման հավաստագրի յուրաքանչյուր չօգտագործված տարվա համար հավաստագրի գնային արժեքը ավելանում է 25 տոկոսի չափով: Սա կնպաստի, որպեսզի շահառուն ավելի խնամքով օգտագործի սայլակը, ինչը կնվազեցնի անհարկի դիմելիությունը։
Հարակից հրապարակումներ`
- Որպեսզի պետության կողմից տրամադրված սայլակն անպետք չդառնա
- «Չնայած պարբերաբար կատարվող փոփոխություններին, դժգոհողներ լինում են». Պետության կողմից տրամադրվող սայլակների մասին
- «Ունիսոն» ՀԿ. Պետության կողմից տրամադրվող սայլակների որակն ահավոր է
- Ինչպե՞ս ստանալ սայլակներ և լսողական սարքեր
- ՄԻՊ. Հաշմանդամություն ունեցող անձանց համար սայլակների տրամադրման գործընթացում առաջ են եկել խոչընդոտներ
- Ինչո՞ւ 6 ամիս է ՀՀ սայլակ չի ներկրվում. Ն.Զոհրաբյանը խնդրի լուծումը խոստացավ մայիսի 5-ից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում