Հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 25.4 տոկոսով
Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 1 667 173 մարդ, որը 25.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Նման թվեր է հրապարակել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 293 317 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.9 տոկոսով:
Անցած ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 281 345 մարդ՝ 10.2 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա օգոստոս ամսվա ցուցանիշը:
Հունվար-օգոստոս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 21.9 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 14 985 տոննա ապրանք, որը 54 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այս տարվա օգոստոս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 972 մարդ: «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 56 243 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7 065 մարդ:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 22.1 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: