Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը պատրաստում է մանկական բալետ
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվելու են նաև մանկական ներկայացումներ: 85-րդ հոբելյանական թատերաշրջանի ընթացքում թատրոնը պատրաստում է կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:
«Վերջապես կունենանք մանկական ներկայացում»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօրվանից մեկնարկում է 85-րդ հոբելյանական թատերաշրջանը: Ավանդույթի համաձայն, թատերաշրջանը մեկնարկում է Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայով: Այնուհետև՝ սեպտեմբերի 9-ին, թատրոնում կայանալու է Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի հայաստանյան պրեմիերան:
«Այս նոր ոճով գրված օպերան նշանավորում է հայկական օպերային արվեստի զարգացման նոր փուլ»,- ասաց ասուլիսին ներկա նախագծի հեղինակ ու գեղարվեստական ղեկավար Սարինե Ավթանդիլյանը:
Նշեք, որ «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան կայացել էր սեպտեմբերի 1-ին Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում:
Կ Օրբելյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 14-ին թատրոնում տեղի կունենա «Ահեղ դատաստան» բացառիկ մեգաշոուն. Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» կներկայացվի իտալացի ճանաչված բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ, որն ուղեկցվելու է Միքելանջելոյի՝ Սիքստինյան մատուռի որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով:
«Պաոլո Միչիկեն աշխատում է ամբողջ աշխարհի լավագույն թատրոններում»,- նշեց նա:
Կ. Օրբելյանն ասաց, որ ցանկանում է հրավիրել հիանալի երգիչների, երաժիշտների, ովքեր Հայաստանում չեն եղել: Սեպտեմբերի 27-ին, նրա տեղեկացմամբ, Հայաստանում առաջին անգամ ելույթ է ունենալ ռուս հայտնի թավջութակահար Ալեքսանդր Կնյազևը:
Թատերաշրջանի վերջում ներկայացվելու է ֆրանսիացի երգահան Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան:
Կ. Օրբելյանի ներկայացմամբ, թատերաշրջանի ընթացքում սպասվում են այլ ներկայացումներ, պրեմիերաներ ևս:
Հարակից հրապարակումներ`
- Օպերայի թատրոնում տեղի կունենա «Ահեղ դատաստան» մեգաշոուն
- Օպերայի և բալետի թատրոնում սեպտեմբերին երկու պրեմիերա է նախատեսված
- Շուշիում կայանալու է Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի համաշխարհային պրեմիերան