«Ադրբեջանական լվացքատուն». Սկանդալային բացահայտումներ Ադրբեջանի կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ
«The Guardian» պարբերականի կողմից անցկացված լրագրողական հետաքննությունը սկանդալային բացահայտումներ է արել Ադրբեջանի ղեկավարության կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ։
Բացահայտվել է, որ Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվալու համար:
Բացահայտված տվյալները ապացուցում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը, որը մեղադրվում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, պարբերական կոռուպցիոն գործարքների և ընտրությունները կեղծելու մեջ, 2012-2014 թվականներին ավելի քան 16 000 գաղտնի վճարումներ է կատարել։
Որպես միջազգային լոբբինգի մի մաս, այս գումարներից շատերն ուղղվել են քաղաքական գործիչներին և լրագրողներին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին քննադատությունները դադարեցնելու և նավթով հարուստ պետության նկատմամբ դրական պատկեր ստեղծելու համար։
«Անկասկած գումար ստացողները տեղյակ են եղել, թե որտեղից են գումար ստանում։ Գումարը տեղ է հասել քողարկված երթուղով: Այս բացահայտումները ևս մեկ անգամ ընդգծում են Բրիտանիայի կորպորատիվ հատվածի՝ մեծ գումարներ փոխանցելու հարցում թույլ կառավարելի համակարգը։ 7 մլն ֆունտ է ծախսվել Բրիտանիայում շքեղ ապրանքների և մասնավոր դպրոցների վարձավճարների համար: Դրամական միջոցները, որոնք ներդրվել են Ադրբեջանի և Ռուսաստանի անթափանց վճարային համակարգերի միջոցով, ուղղվել են դեպի բրիտանական ընկերություններ: Եվրոպայի առաջատար բանկերից մեկը՝ Danske-ն, վճարումներ է կատարել Էստոնիայում իր մասնաճյուղի միջոցով: Այս գաղտնի ծրագիրը ստացել է «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը: Գաղտնի բանկային արձանագրությունները փոխանցվել են դանիական «Berlingske» թերթին, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաշվետվության նախագծին, «Guardian» պարբերականին և մեդիա դաշտի այլ ներկայացուցիչներին»,-գրում է պարբերականը:
Պարբերականը նաև հիշեցնում է, որ վերջերս տեղեկություններ էին հրապարակվել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախկին փոխնախագահ, այդ կառույցում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեն 2012-2014 թվականներին Ադրբեջանի կառավարությունից շուրջ 2 միլիոն 400 հազար եվրոյի կաշառք է ստացել՝ վեհաժողովում պաշտոնական Բաքվի շահերին հակասող բանաձևերը տապալելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան