Բյուրականի մերձակայքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են հիմնականում բնաշիվային կաղնիներ
ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում սեպտեմբերի 3-ից բռնկված հրդեհը դեռևս ամբողջությամբ չի մարվել, առկա են ծխացող օջախներ, սակայն, իրավիճակը վերահսկելի է և աշխատանքներ են տարվում հրդեհի ամբողջական մարման համար։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայության հաղորդմամբ, հրդեհի սկզբնական բռնկումը Ղազարավան (Նազրվան) գյուղի սկզբնամասում է եղել և քամու հետևանքով տարածվել է՝ ընդգրկելով հարակից տարածքները։
ԱԻՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Արագածոտնի մարզպետարանի, Աշտարակի քաղաքապետարանի աշխատակիցների, հարակից գյուղերի բնակիչների ինտենսիվ աշխատանքների արդյունքում հրդեհը բռնկման առաջին օրը մարվել է, սակայն, եղանակային անբարենպաստ պայմանների, քամու հետևանքով նոր օջախներ են բռնկվել, որոնց վերջնական մարման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են նաև ՀՀ ՊՆ զինծառայողներ, ոստիկանության աշխատակիցներ։
Հրդեհաշիջմանն ակտիվորեն մասնակցել են ինչպես «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի, այնպես էլ՝ «Գուգարքի անտառտնտեսության» աշխատակիցներ։
Դեպքի վայրում են եղել նաև ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, «Հայանատառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Հրդեհի հետևանքով «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային կենսաբազմազանությանը պատճառված վնասի հստակ չափը հնարավոր կլինի գնահատել վեգետացիոն շրջանում: Այրվել են հիմնականում բնաշիվային աճի կաղնիներ, դրանց ուղեկցող այլ ծառատեսակներ՝ թխկիներ, հացենիներ։
««Հայանտառ» ՊՈԱԿ-ն ազգաբնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է հետևել անտառների պահպանման և պաշտպանության կանոններին, զերծ մնալ արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից»,- նշված է ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Բյուրականի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ
- Վարք նախարարությունների – 1
- Հրդեհ է բռնկվել Բյուրական գյուղի հարակից սարում