Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցությունն արդեն հաստատել է 1400 սփյուռքահայ
Սեպտեմբերի 18-20-ը Երևանում կկայանա «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարի խոսքով՝ համաժողովը նախատեսված է անցկացնել Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևան 2800-ամյակի նախաշեմին:
«Ի տարբերություն մյուս համաժողովների՝ այս համաժողովն աչքի է ընկնում իր մի շարք առանձնահատկություններով: Առաջին անգամ համաժողովում առանձնացվել են 4 գլխավոր ուղղություններ, որոնց կազմակերպման համար ընտրվել են պատասխանատու նախարարություններ՝ պաշտպանության, արտաքին գործերի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների ու սփյուռքի նախարարությունները»,- մանրամասնեց նախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ Սփյուռքից արդեն իրենց մասնակցությունը հաստատել են ավելի քան 1400 մարդ՝ աշխարհի 70 երկրից:
Հատկանշական է այն, որ համաժողովին մասնակից երկրներից 20-ն առաջին անգամ են մասնակցում, դրանց թվում են Չինաստանը, Սինգապուրը, Սուդանը, Եթովպիան, Մարոկոն, Մալազիան, Ճապոնիան, Մեքսիկան։ Մասնակիցների 70 տոկոսը տղամարդիկ են, 30 տոկոսը` կանայք, 92 լրագրող և խմբագիր ևս հաստատել են իրենց մասնակցությունը։ Մասնակիցների 10-ից ավելին երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ են։
Համաժողովի ընթացքում տեղի կունենան 3 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր: Առաջին լիագումար նիստում ելույթ կունենան ՀՀ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, Սփյուռքի նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի կայքն արդեն հասանելի է
- Հասարակական ներգրավվածությունը կարող է փրկել Հայաստան-Սփյուռք համաժողովի գաղափարը. «Առավոտ»
- Խորհրդակցություն նախագահի մոտ՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովին
- Հայտարարություն` ընդունված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան