Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը բովանդակային առումով նախորդից թույլ է. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության՝ ընդլայնման նպատակով քաղաքական ուժերի հետ քննարկումները դադարի փուլում են։ Այս օրերին հանդիպումներ, որպես այդպիսին, չեն կայանում։ Panorama.am-ի թղթակցի հետ զրոււյցում այս մասին տեղեկացրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Որևէ հանգրվանի չենք հասել։ Գործընթացն ինչպես կար, այնպես էլ մնացել է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Հարցին՝ կհաջողվի՞ ի վերջո միավորել ընդդիմադիր դաշտին, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը նախ նշեց՝ գուշակություններ անել չի ուզում։ Այնուհետև ընդգծեց, որ միավորման նախադրյալներ միշտ կարող են լինել։
«Այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ միավորումն օբյեկտիվ անհրաժեշտություն է։ Սակայն միավորման գործընթացը միշտ խոչընդոտների է հանդիպում՝ անձնական խնդիրներ, իշխանության կողմից գործուղված անձանց հանգամանք։ Երբեմն խոչընդոտները հաղթահարվում են, երբեմն՝ ոչ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ընդդիմության միավորման համար բեկումնային դառնա 2018 թվականի ապրիլը (այդ ամսին են կայանալու վարչապետի ընտրությունները)։ Ի պատասխան՝ ժառանգական գործիչը նկատեց՝ դժվար է ասել՝ ինչ իրավիճակում երկիրը կհայտնվի մեկ ամիս հետո, ուր մնաց՝ գալիք տարվա ապրիլին։
«Մեր նպատակը եղել և մնում են արմատական բարեփոխումները, ինչպես նաև երկրի ինքնիշխանության վերականգնումն ու վերահաստատումը։ Սա նրա համար, որ վերջին օրով չհրաժարվենք ՆԱՏՕ-ի զորավարժություններից»,- ասաց քաղաքական գործիչը։
Վերջում Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նոյեմբերին սպասվելիք Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման թեմային՝ ափսոսանք հայտնելով, որ այդ համաձայնագիրը բովանդակային առումով տասնապատիկ թույլ է նախորդից։
«Ազատ առևտրի և ասոցացման պայմանագիրը շատ կարևոր էր։ Իսկ այս համաձայնագիրը բովանդակային առումով այնքան թույլ է, որ Ռուսաստանը դրա ստորագրմանը չի խոչընդոտի»,- ամփոփեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մարտիրոսյանն «Առավոտին». «Ժառանգությունն» ամռանը ոչ մի ուժի հետ էլ չի հանդիպել
- Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգություն» կուսակցությունում արշալույսները խաղաղ են. «Փաստ»
- Այն գաղափարախոսական հենքը, որը եղել է ի սկզբանե, պահպանվելու է. Արմեն Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան