Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի նկատմամբ դատ. Շավարշ Քոչարյան
«Իրականում սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի նկատմամբ դատ, իհարկե, փոխաբերական, ոչ իրավական առումով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ խոսելով Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումների մասին, ըստ որի, Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին կաշառելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվալու համար:
Փոխնախարարը նշեց, որ այն, ինչ հիմա կատարվում է ամբողջ Եվրոպայով՝ հետաքննություն, քրեական գործեր, խոսում է մի բանի մասին, որ արդեն համբերության բաժակը լցվել է:
«Մարդիկ թույլ են, նույնիսկ Եվրոպայի սրտում կան եվրոպական պատգամավորներ, պաշտոնյաներ, ովքեր այդ գայթակղությանը չեն դիմանում: Ընդ որում կա մի շատ հետաքրքրիր օրինաչափություն՝ դրանք այն պատգամավորներն են, որոնց ժամկետը լրանում է, իրենք նորից ընտրվելու հնարավորություն չունեն: Բայց ամեն դեպքում դա խայտառակություն է, ապտակ է հենց ամբողջ Եվրոպային»,- ասաց Շ. Քոչարյանը:
Նրա խոսքով, պատահական չէ , որ Ադրբեջանի պատասխանը մեկն է՝ հայերն են անում. «Ինչ պատահում է՝ մեղավորը հայերն են»:
«Ասում են, որ Ալիևների ընտանիքը դրա հետ կապ չունի, բայց չեն հերքում, որ այդ բոլորը տեղի է ունեցել: Սա իրենց պաշտոնական պատասխանն է: Այսինքն այդ երկրում, որտեղ ամեն ինչ վերահսկվում է, առանց իրենց իմացության ինչ-որ մեկը երեք միլիարդ գումար է դուրս հանել, ինչ-որ գործողություններ է արել, զավեշտ է»,- նշեց փոխարտգործնախարարը:
Հարցին, թե հնարավո՞ր է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը զրկեն լիազորություններից, Շավարշ Քոչարյանն ասաց. «Կարծում եմ՝ գնալով դա կհասունանա»:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ն «խիստ մտահոգվել է» Ադրբեջանի կողմից իր անդամներին կաշառելու փաստով
- «Ադրբեջանական լվացքատուն». Սկանդալային բացահայտումներ Ադրբեջանի կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին