Ռոբերտ Էմմիյան. Մարզաձևով լրջորեն զբաղվելու պայմաններ չկան
Գյումրիում անցկացված աթլետիկայի «Էմմիյանի գավաթի» խաղարկությունն այս տարի համընկավ 1987 թվականին Ծաղկաձորում Ռոբերտ Էմմիյանի սահմանած հեռացատկի 8 մ 86 սմ Եվրոպայի ռեկորդի 30-ամյակին, որն այսօր էլ գերազանցված չէ:
Մրցաշարից հետո Ռոբերտ Էմմիյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է. «Հայաստանում աթլետիկական ծածկույթի խնդիր կա: Հայաստանը, թերևս, աշխարհի միակ երկիրն է, որ տաղանդավոր մարզիկներ, բանիմաց մարզիչներ ունի, սակայն մարզաձևով լրջորեն զբաղվելու պայմաններ չկան»:
Նա նշել է, երազում է Երևանում միջազգային չափորոշիչներին համապատասխանող աթլետիկական ծածկույթով ստադիոն ունենալու մասին, որը շատ թանկ հաճույք է: Նա խնդիրը ներկայացրել է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությանը, Երևան է հրավիրել մարզաձևի միջազգային ու եվրոպական ֆեդերացիայի ղեկավար կազմերին:
«Աթլետիկական ամբողջական ծածկույթը շատ թանկ արժե, բայց միջազգային ֆեդերացիան ինձ ճանաչելով և հարգելով, զգալի զեղչ էր արել՝ սահմանելով $ 380 հազար գին, ընդորում, դրանից $ 160 հազարն ինքն է տրամադրում: Բայց մնացած 220 հազարն էլ մեր երկրի համար խնդիր է:
Բոլորովին վերջերս Լոնդոնում, որտեղ ընթանում էր աշխարհի առաջնությունը, ես կարողացա կրկին մեկտեղ հավաքել մեր մարզաձևի համաշխարհային ու եվրոպական ֆեդերացիաների ղեկավարներին, իմ ընկերներին, ներկայացնել Հայաստանի քաղաքական և տնտեսական բարդ իրավիճակը: Եվ «Հերկուլան» հանրահայտ ընկերությունը, որի ղեկավարն ինձ լավ ճանաչում է, համաձայնեց ամբողջ աշխատանքը կատարել 170 հազար եվրոյով:
Այսպիսով, Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխանող աթլետիկական ստադիոն ունենալու խնդիրը, կարելի է ասել, գրեթե ամբողջությամբ լուծված է: Ուզում եմ, որ այն Երևանում լինի»: