Ադրբեջանին այլևս բրենդավորել պետք չէ, այն արդեն բրենդ է. կոռուպցիայի և կեղտոտ լոբբինգի խորհրդանիշ
Այն, որ Ադրբեջանը կոռումպացված, օլիգարխիկ ու ոչ ժողովրդավարական երկիր է, ևս մեկ անգամ ապացուցվեց, երբ համաշխարհային մամուլում հայտնվեցին նոր բացահայտումներ կապված Ադրբեջանական փողերի լվացման և լոբբիստական սխեմաների հետ: Հրապարակումների համաձայն՝ Ադրբեջանի իշխող խմբավորումները գաղտնի փոխանցումների սխեմա են ունեցել, որի միջոցով 2.9 միլիարդ դոլար են «լվացել»` այդ թվում վճարել եվրոպացի քաղաքական գործիչների, գնել են ճոխ ապրանքներ և այլն: 2012-14թթ. կատարվել են ավելի քան 16 000 գաղտնի վճարումներ: Դա արվել է բրիտանական մութ պատմություն ունեցող ընկերությունների միջոցով:
Այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը նաև պարանոյիկ է, ևս կրկին ի հայտ եկավ այս հրապարակումներին Ադրբեջանի տված պաշտոնական արձագանքներում: Այս ամենը զրպարտանք անվանելով` նախագահի օգնական Ալի Հասանովը կարծում է, որ իր երկիրը “սկանդալային” արշավի զոհ է դարձել, որ կազմակերպել են բրիտանական հետախուզությունը, հայկական սփյուռքը և ԱՄՆ-ն: Ալիևի խոսնակ Ազեր Գասիմովը նույնպես համակարծիք է, որ այս ամենը կազմակերպվում և ֆինանսավորվում է հայկակակն լոբբի կողմից:
Պարզ պատասխաններ` բարդ հարցերին: Ահա «ոխերիմ թշնամի» ունենալու «հարմարավետություններից» մեկը: Պետությունը թալանել, փողերը լվացել ու Եվրոպայում բարձրորակ բժշկական ծառայություն են ստացել կամ ցածրորակ քաղաքական գործիչ են գնել, ո՞վ է մեղավորը` հայերը, որոնք քիչ չէ ֆինանսավորում են հակաադրբեջանական զրպարտությունները, մի բան էլ չեն գնում ԼՂ հարցով բովանդակային բանակցությունների: Կրակի մեջ են ընկել հայերի ձեռքը «կրակի երկրի» փափկասուն ղեկավարները:
Բայց դե փաստերը խոսում են իրենք իրենց: «Խավիարային դիվանագիտություն», «Պանամայի թղթեր», «Ադրբեջանական լոնդրոմատ / Laundromat/»` Ադրբեջանի էլիտայի մութ գործերի սկանդալային բացահայտումների մի քանի դրվագների անուններն են: Թերևս ժամանակն է, որ Ալիևի ռեժիմի մի “բնիկ” ադրբեջանական անուն մտածի հաջորդ դրվագի համար, ինչպես ֆուտբոլային թիմի անունը` «Ղարաբաղ» կամ նորաթուխ շինարարական նավի անունը` «Խանքենդի»: Օրինակ հաջորդ բացահայտման անունը կարող է լինել «Նախիջևանյան քելեքբազներ»: Թողնենք դա ազերի ագիտպրոպին:
Իրականությունն այն է, որ Իլհամ Ալիևի գլխավորությամբ Ադրբեջանը երկար տարիներ է, ինչ փորձում է երկրի դրական կերպար կերտել միջազգային հանրության շրջանակներում: Այդ նպատակով բազմաթիվ մեծածավալ միջոցառումներ են կազմակերպվում, միլիոններ ծախսվում լոբբինգի վրա` ժողովրդավարական կերպարով հանդես գալու նպատակով, PR արշավներ են իրականացվում...: Արյդունքում Ադրբեջան բառը «գուգլելիս» կոռուպցիայի և կեղտոտ լոբբինգի վերաբերյալ հոդվածներն անպակաս են: Ադրբեջան անունը դանդաղորեն, բայց հաստատորեն կապվում է կաշառակերության, փողերի լվացման, անազնիվ կերպով լոբբինգ անելու հետ: Այն դառնում է հասարակ անուն կոչելու այն փոքր, բռնատիրական, բայց հարուստ երկրներին, ովքեր սեփական ժողովրդի ունեցվածքի հաշվին փորձում են գնել միջազգային հանրության հարգանքը: Այնպես որ, Ադրբեջանին այլևս բրենդավորել պետք չէ, այն արդեն բրենդ է` կոռուպցիայի և կեղտոտ լոբբինգի խորհրդանիշ:
Մյուս կողմից հարց է առաջանում` ինչի է պետք այդքան անօրինական ու կիսաօրինական գումար ծախսելը և սկանդալների կենտրոնում հայտնվելը: Առանց այդ էլ Ադրբեջանը շնորհիվ նավթի ու գազի, ինչպես նաև աշխարհագրական դիրքի տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզում կարևոր տեղ է զբաղեցնում, և շատ երկրներ հոժարակամ են նրա հետ համագործակցելու: Իհարկե, բոլոր երկրներն էլ փորձում են հավելյալ ջանքեր գործադրել` ներդրումների ու տուրիզիմի խթանման և բարի համբավ ունենալու համար: Ադրբեջանի դեպքում այդ ջանքերը հակառակ արդյունքն են տալիս մի պարզ պատճառով:
Ամբողջ ադրբեջանական PR-ը կոչված է ծածկելու իրականությունը, իսկ տեխնոլոգիաների դարաշրջանում դժվար է խեղաթյուրված տեղեկատվությունը ճշմարիտի տեղն անցկացնել: Ինչքան էլ փորձի Ադրբեջանը ցույց տալ, որ հանդուժող ու խոսքի ազատություն հարգող պետություն է, նույնիսկ անվճար բնակարաններ բաժանի լրագրողներին, իրական արդյունքի չի հասնի, քանի դեռ «թխած» մեղադրանքներով բանտարկվում են ԶԼՄ ներկայացուցիչները: Ամենաթարմ օրինակը վերջերս Թուրան գործակալության տնօրեն, լրագրող Մեհման Ալիևի կալանավորումն է:
Այս ամենից գետո մի բան փաստ է` դժվար կամ գուցե անհնար է բանակցել կեղծ ու ինքնության ճգնաժամ ունեցող, պարանոիկ հարևանների հետ:
Աննա Մկրտչյան, քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան