Հայկական աթլետիկայի վաղվա օրը բավականին խոստումնալից եմ տեսնում. Աշխարհի բազմակի ռեկորդակիր Տեր-Հովհաննիսյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հյուընկալվել է լեգենդար հեռացատկորդ, աշխարհի բազմակի ռեկորդակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հաղորդմամբ, նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը դիմավորելով հյուրին՝ ողջունել է նրան և նշել, որ Իգոր Տեր-Հովհաննիսյանի նման մարզիկները ուղենիշ են երիտասարդ մարզիկների համար, ովքեր ոգևորվելով մարզական ձեռքբերումներով՝ կարողանում են հասնել ավելի բարձր նվաճումների:
«Իգոր Տեր-Հովհաննիսյանի սահմանած հեռացատկի Եվրոպայի ռեկորդը մոտ 30 տարի հետո, Եվրոպայի նոր ռեկորդով, կարողացել է գերազանցել մեր հայրենակից Ռոբերտ Էմմիյանը: Այդ օրվանից նույնպես անցել է 30 տարի և հպարտությամբ կարելի է արձանագրել, որ հեռացատկի Եվրոպայի ռեկորդը 60 տարի շարունակ գտնվում է հայ մարզիկների «տիրապետության տակ»»,- ասել է նախարարի տեղակալը:
Հյուրը, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ մասնակցել է Գյումրիում կայացած «Ռոբերտ Էմմիյանի գավաթի» խաղարկությանը և ուրախությամբ փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ լավ աթլետներ:
«Հայկական աթլետիկայի վաղվա օրը ես բավականին խոստումնալից եմ տեսնում: Կարծում եմ դա Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հաջող համագործակցության արդյունքն է»,- ասել է լեգենդար մարզիկը:
Հանդիպման ավարտին Գ. Ղազարյանը Ի. Տեր-Հովհաննիսյանին հանձնել է խորհրդանշական հուշանվեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան