«Աղոթում եմ` այդ մի քանի ժամն էլ դիմանա». Հովհաննես Պողոսյանը գլխի պլաստիկ վիրահատության կենթարկվի
Մեկ տարի առաջ Արցախում ծանր վիրավորված զինծառայող Հովհաննես Պողոսյանը սեպտեմբերի վերջին գանգոսկրի պրոթեզավորման բարդ վիրահատության կենթարկվի: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննեսի մայրը՝ Գայանե Ասատրյանը:
Նրա խոսքերով՝ վիրահատությունը կատարելու է վիրաբույժ Արման Հակոբյանը: «Հիանալի բժիշկ է, ես համաձայն չէի, որ Հովհաննեսին արտերկիր տանեին, Արման Պարգևիչը լավ մասնագետ է և ես միայն իրեն եմ վստահում»,- նշեց տիկին Գայանեն՝ հավելելով, որ վիրաբույժը մասնակցել է Հովհաննեսի վիրահատություններին և գիտի, թե որդու մոտ ինչ խնդիրներ կան:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ կատարվել է Հովհաննեսի գանգի եռաչափ մոդելավորում, որպեսզի պլաստիկան կատարելու համար ստանան գլխի ձևաչափը: Մոդելը, որ պատվիրվել է Իտալիայից, արդեն պատրաստ է:
Տիկին Գայանեի խոսքերով՝ Հովհաննեսը վստահ է, որ վիրահատությունը լավ կանցնի. «Ես եմ մտահոգ: Շատ բարդ վիրահատություն է լինելու, Աստված եմ կանչում, ամեն օր աղոթում եմ, որ Հովհաննեսս դիմանա, էդ մի քանի ժամն էլ անցկացնի ու էլ բան չեմ ուզում»:
Ընդհանուր առմամբ, ըստ Գայանե Ասատրյանի, որդու առողջական վիճակում դրական փոփոխություններ կան, հիշողությունն աստիճանաբար վերականգնվում է, փորձում է տառերը վերհիշել: Հովհաննեսը աջ ձեռքը դեռ չի կարողանում շարժել, մայրը վստահ է, որ մի օր այդ խնդիրն էլ կլուծվի:
1995թ. ծնված Հովհաննես Պողոսյանը 2016 թվականի մայիսի 13-ին Թալիշում ստացել է գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևան: Սա Հովհաննեսի երկրորդ վիրավորումն է: Առաջին անգամ վիրավորում ստանալուց հետո նորից, կամավոր, դիրքեր էր բարձրացրել:
Նշենք նաև, որ Հովհաննեսը 28 օր եղել է կոմայում, 36-րդ օրը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, 105 օր մնացել է հոսպիտալում: Հովհաննեսը գլխի երեք վիրահատություն է ունեցել՝ մեկը Արցախում, երկուսը՝ Երևանում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանի գլխի պլաստիկ վիրահատության համար գանգի եռաչափ մոդելավորում է կատարվել
- Կենաց-մահու պայքարում հաղթած Հովհաննես Պողոսյանը պատրաստվում է նոր վիրահատության
- Թալիշում վիրավորված Հովհաննեսը չորրորդ անգամ կվիրահատվի
- Արցախում մայիսին ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանն Ամանորը դիմավորել է տանը
- Արցախում ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանը արդեն վերականգնողական բուժում է ստանում
- Արցախում ծանր վիրավորված Հովհաննեսը սկսել է քայլել ու կատակներ անել
- «Հովհաննեսս հաղթեց». 36 օր կյանքի համար պայքարող զինվորն ապաքինվում է
- Այս պահին Հովհաննես Պողոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 6 զինծառայողի վիճակը՝ կայուն ծանր
- Արցախում վիրավորված Հովհաննեսը կոմայից դեռ դուրս չի եկել. Արամ Ասատուրյան
- Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. Զորիկ Սաղյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան