«Դպրոցը կամաց-կամաց պրծնում է». Սյունիքում 10 դպրոց առաջին դասարան չունի
Հանրապետության որոշ դպրոցներ այս տարի առաջին դասարանցիներ չեն ունեցել։ Այս տխուր փաստով աչքի է ընկնում Սյունիքի մարզը։ Ուսումնական տարին առանց առաջին դասարանցիների են սկսել մարզի հինգ համայնքների տասը դպրոցներ։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Սյունիքի մարզպետարանի Կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանը։
«Մարզում առաջին դասարան չի եղել Շիկահողի, Տանձավերի, Ագարակի, Նորաշենիկի, Օխտարի, Տավրուսի, Լիճքի միջնակարգ և Տանձատափի, Տաշտուն, Արևիսի հիմանական դպրոցներում»,- տեղեկացրեց Հայկ Հարությունյանը՝ նշելով, որ սրանք դեռ նախնական տվյալներ են։
«Աշակերտ չկա, ինչ ասեմ, դպրոցն ընդամենը 6 աշակերտ ունի։ Առաջին դասարան չունենք։ Անցած տարի ունեցել ենք մեկ աշակերտ։ Հիմնականում դպրոցում ութ աշակերտ էր լինում, հիմա դրանից էլ ենք պակասել։ 2-րդ, 3-րդ, 4-րդ և 11-րդ դասարաններում ունենք մեկական աշակերտ, 7-րդ դասարանում՝ երկու աշակերտ։ Մնացած դասարաններում աշակերտ չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց Տավրուսի միջնակարգ դպրոցի տնօրեն Կամո Ավանեսյանը։
Շիկահող համայնքի ղեկավար Նարե Ղազարյանն էլ հայտնեց՝ սա առաջին տարին է, որ իրենց համայնքում առաջին դասարան չկա։
«Դպրոցն ավարտեց ութ աշակերտ, բայց առաջին դասարան եկող չունեցանք։ Մյուս տարի կունենանք առաջին դասարան, եթե ինչ-որ բան չփոխվի, երեք առաջին դասարանցի կլինի դպրոցում։ Այս տարի երկրորդ դասարանում երկու աշակերտ ունենք»,-նշեց նա։
Հարցին, թե դպրոցների օպտիմալացման ծրագիրը կարող է անդրադառնալ իրենց դպրոցի վրա, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Մեզ դեռ ոչինչ չեն ասել, դպրոցը նորմալ հունով շարունակում է իր աշխատանքը»։
Նարե Ղազարյանը նշեց, որ Շիկահողի դպրոցում վերջին տարիների աշակերտների թվաքանակը պահպանվում էր 26-28-ի սահմաններում, բայց հիմա այս թվից էլ է նվազել՝ հասնելով 18-ի։
Մարզի Նորաշենիկ համայնքում առաջին դասարան չունենալը նոր երևույթ չէ։
«Առաջին անգամ չէ, որ համայնքն առաջին դասարան չի ունենում։ Կարելի ասել՝ դպրոցը կամաց-կամաց պրծնում է, նախկինում 40-50 աշակերտ էինք ունում, հիմա դպրոցն ընդհանուր 14 աշակերտ ունի։ Այսպիսի վիճակ մեր շատ գյուղերում է»,- ասաց Նորաշենիկի համայնքապետ Ռոմիկ Ավանեսյանը։
Նշենք, որ ավելի վաղ ԿԳՆ-ից Panorama.am-ին տեղեկացրել էին, որ նախնական տվյալներով հանրապետությում շուրջ 40 հազար առաջին կա, իսկ հստակ պատկերը պարզ կլինի սեպտեմբերի 15-ից հետո։
Հարակից հրապարակումներ`
- «Աշակերտները դասադուլ են անում, արդեն սպառել եմ իմ բոլոր հնարավորությունները». Փյունիկի դպրոցի տնօրեն
- Այսօր դպրոց է գնում շուրջ 40 հազար առաջին դասարանցի
- «Ամենայուրօրինակ դասարանն ունեմ». այգեպարցի երկվորյակների դասվար
- Սեպտեմբերի 1-ին դպրոցական զանգ չի հնչել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում
- Ընդամենը 1 առաջին դասարանցի Դաշտադեմում. Լոռու ծերացող գյուղերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան