Բյուրականի բնակիչ. «Ցավալի վիճակ է՝ որ տղամարդը կանգնի, լաց լինի»
Բյուրականի անտառներում սեպտեմբերի 3-ին բռնկված կրակը նորանոր տարածքներ է լափում: Բյուրականցիները վրդովված են, իրենց անտառը, ապրուստի միջոցն աչքերի դեմ մոխիր է դառնում, ոչնչանում: Գյուղացիները կարծում են, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը սրտացավ չէ, տեխնիկան ափսոսում են, գրունտային ճանապարհով չեն քշում:
«Ասում են, մեքենաներն ափսոս են: Մենք ասում ենք, ձորի ճանապարհ կա, գյուղացիները խոտը բարձր բարձած «Զիլ»-ով անցնում են: Իրենք ասում են՝ չէ: Սոճիների մեծ պուրակ կար, վառվեց, հարյուր տարվա էր: Տրանսպորտը ձորով չմտցրեցին: Բա ինչի՞ են եկել: Ճյուղ են կոտրում, կրակ հանգցնում: Գիտե՞ք քանի ընտանիք է ապրում էդ անտառով: Գյուղի 40 տոկոսը՝ մի քանի հարյուր ընտանիք, չհաշված կողքի գյուղերի մարդիկ, էդ անտառով էին սնվում: Մասուրը, ալոճը, սաղ վառվել են»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Բյուրականի բնակիչներից Ապրես Մարտիրոսյանը:
Արդեն մի քանի օր է՝ գյուղում տղամարդ չկա, բոլորն իրենց սրսկման ապարատներով, ջրի տարաներով անտառում են. «Մի հոգի մի լավ փետ վերցնի, մեր գյուղը կգրավի: Տղամարդիկ սուտկեքով անտառում են»:
Բնակիչներից ոմանց մոտ կասկածներ են առաջացել, անտառն «ինադու» են հրդեհել:
«Օջախները լրիվ հանգում են, գրամ օջախ չի մնում, մեկ էլ գիշերը տեսնում ես, ընենց հրդեհ է բռնկվել, ըտենց չպիտի լիներ: Քամին կապ չունի: Եթե կիլոմետրով հրդեհի օջախ չի լինում, քամին չի կարա մի հատ ըտենց մեծ տարածք բռնի, անհնար է»,-իր կարծիքը ներկայացրեց բյուրականցին:
Գյուղացիները բարկացած են, սրտնեղած, չգիտեն իրենց կերակրողին ոնց օգնեն, փրկեն:
«Մեր գյուղի համար անտառն անգնահատելի է, պրծավ, բնությունը վերացավ բառիս բուն իմաստով: Երեկ եմ եղել անտառում, շատ ցավալի վիճակ էր: Որ տղամարդը կանգնի, լաց լինի: Ոչ մեկը չի հասկանա տեղի բնակիչ ժողովրդին, շատ ցավալի բան է, մեր հույսը դրա վրա էր: Բան չի մնացել, վերացել է, էն սովի ժամանակ էլ էդ մասերին ձեռ չէինք տվել, երևի մի 40-50 տարի պետք կլինի անտառ վերականգնելու համար»,-ասաց նա:
Գյուղացու խիստ մոտավոր հաշվարկով, անտառում ավելի քան 150 հա տարածք է այրվել:
Նախարարությունից ասում են, անտառի շրջակա բնակավայրերին վտանգ չի սպառնում: Գյուղացին պարզաբանում է, կրակը չի կարող գյուղ հասնել՝ վերևում քարի հանքներն են, ներքևում՝ ձորը, կրակի դեմը դրանք փակում են:
Այսօր ԱԻՆ-ը կարճ հաղորդագրություն տեղադրեց . «Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ի դրությամբ Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: Տեղում աշխատում են 148 փրկարար, հարակից գյուղի բնակիչներ, անտառտնտեսության աշխատակիցներ (333 մարդ)»:
Հրդեհաշիջման գործողություններին աջակցում են հարակից Բյուրական, Անտառուտ և Օրգով գյուղերի բազմաթիվ բնակիչներ: Կիրառվում են հրշեջ մեքենաներ, դյուրակիր ջրատարներ և այլ պարզունակ միջոցներ (բահեր, խոնավ լաթեր և այլն):
Բյուրականի բնակիչներից Աննա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում վառվող անտառի լուսանկարներ է հրապարակել ու օգնության խնդրանքով դիմել լրագրողներին, ակտիվիստներին, բնապահպանական տեղական ու միջազգային կազմակերպություններին, ուղղակի սրտացավ մարդկանց:
«Խնդրում եմ օգնել փրկել բնությունը, անտառը միայն Բյուրականինը չէ»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում հրդեհները շարունակում են հանգցնել նախնադարյան մեթոդներով
- Բյուրականում հրդեհաշիջմանը ներգրավվել է ուղղաթիռ
- Բյուրականի մերձակայքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են հիմնականում բնաշիվային կաղնիներ
- Բյուրականի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ
- Հրդեհ է բռնկվել Բյուրական գյուղի հարակից սարում
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին