Լևոն Մկրտչյանը՝ Հրազդանի քաղաքապետի որդուն պարգևատրելու մասին
«Մեդալ ստանալու համար ներկայացնում է դպրոցը, անցնում է համապատասխան ընթացակարգեր, աշակերտը 12 տարվա գիտելիքի արդյունքում է մեդալ ստանում»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն՝ անդրադառնալով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն ոսկե մեդալ շնորհելու փաստին:
«Խոսքը վերաբերում է երիտասարդի՝ անկախ նրանից՝ պաշտոնյայի երեխա է, պաշտոնյայի երեխա չէ: Նա ստանում է ոսկե մեդալ իր աշխատանքի հիման վրա։ Ես հետաքրքրվել եմ, իսկապես լավ սովորող երիտասարդ է, դպրոցից էլ կարող եք հետաքրքվել: Հիմա եթե եղել է դժբախտ դեպքը, ի՞նչ հիմքով իր ուսման, գիտելիքի համար նախատեսված պարգևն իրեն չտրվի։ Բոլորովին տարբեր խնդիրներ են»,- նշեց Լևոն Մկրտչյանը:
Նախարարը նշեց նաև, որ անձը կարող է լինել ազատազրկված, բայց բարձր առաջադիմություն ունենա կրթության մեջ. «Դուք գիտեք, որ ազատազրկման մեջ գտնվող մարդիկ ունեն իրավունքներ, այդ թվում՝ կրթության։ Եվ եթե արժանի է պարգևի, պետք է ստանա։ Իրար հետ մի խառնեք։ Քրեական գործ հարուցված է, ընթացքով գնում է, բայց ինքը կարող է, օրինակ, լինել շատ բարձր սպորտսմեն։ Մեդալը հե՞տ վերցնենք»։
Հարցին, թե արդյոք մեդալ ստանալու գործում դեր չի խաղացել հայրը՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, Լևոն Մկրտչյանը նշեց, որ, օրինակ, իր հայրը համալսարանի ղեկավար կազմում պաշտոնյա էր, իսկ ինքը ստացել է Լենինյան կրթաթոշակ, քանի որ լավ է սովորել: «Պաշտոնյայի երեխաները նույն ձևի երեխաներ են, ոնց որ բոլորի երեխաները, և նրանք էլ ենթարկվում են մեր օրենսդրությանը: Իսկ եթե պաշտոնյայի զավակ լինելը դեր է ունեցել, ուրեմն պետք է մեղադրել դպրոցի ղեկավարությանը»,- նշեց Լևոն Մկրտչյանը:
Ըստ նախարարի՝ եթե պատժեին երիտասարդին և մեդալից զրկեին, ապա շատ ավելի մեծ վնաս կհասցնեին մեր հասարակությանը, քանի որ մարդը կատարում է քրեական բնույթի խնդիր, դու նրան պատժում ես այլ դաշտում՝ կրթության։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին՝ ժամը 12.25-ի սահմաններում, Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել ճանապարհը հատող հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Հրազդան ԲԿ» ՓԲԸ, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել էր: Տարբեր լրատվամիջոցների հաղորդմամբ, 17-ամյա երիտասարդը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին է: Ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի Հրազդանում 58-ամյա տղամարդու մահվան պատճառ դարձած մեքենայի ղեկին եղել է ոչ թե 32-ամյա տղամարդը, այլ 17-ամյա երիտասարդ: Տարբեր լրատվամիջոցների հաղորդմամբ, 17-ամյա երիտասարդը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին է: Սակայն Հրազդանի քաղաքապետի մամուլի քարտուղարը հերքել էր լուրերը, որ Հրազդանում վթարի պատճառ դարձած մեքենայի ղեկին եղել է քաղաքապետի որդին:
Հարակից հրապարակումներ`
- «Ղեկին Հրազդանի քաղաքապետի որդին չի եղել»
- Հարուցվել է քրեական գործ՝ Հրազդանում հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան